«Օլիմպիադայի միջազգային կոմիտեն միշտ սպորտի միջոցով աշխատել է խաղաղ նախաձեռնությունների վրա։ Մեկ օրինակ. առաջին Եվրոպական խաղերը շուտով կանցկացվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում»,- այս մասին, ըստ ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գործակալության հետ հարցազրույցում, ասել է Օլիմպիադայի միջազգային կոմիտեի նախկին նախագահ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երիտասարդ փախստականների ե սպորտի հարցերով հատուկ բանագնաց Ժակ Ռոգեն։
Նա նաեւ հավելել է. «Չնայած երկու երկրների միջեւ առկա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նախաձեռնող թիմը հաջողացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի մարզիկներին ներգրավել խաղերում։ Սա դրական ազդանշան է»։
Ժակ Ռոգեն հիշեցրել է մեկ այլ օրինակ. խաղաղապահների եւ տեղական համայնքների միջեւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Կոնգոյի Հանրապետությունում անցկացված սպորտային միջոցառումները։ «Դրանք նպատակ ունեին ընտրություններից առաջ երկու խմբերը միացնել իրար եւ նվազեցնել թշնամությունը»։
Հատուկ բանագնացը կարծում է, որ սպորտը կամուրջներ է կառուցում։ «Այն փոխանցում է փոխադարձ հարգանքի եւ խաղաղության ուղերձ։ «Բոլոր Օլիմպիական խաղերին, որ ես մասնակցել եմ, բոլոր ազգությունների, ցեղերի, լեզուների եւ կրոնների մարզիկները իրար հետ խաղաղությամբ էին ապրում։ Սակայն այս հաղորդագրությունը կարող է երկարատեւ ազդեցություն ունենալ միայն այն ժամանակ, երբ աջակցություն ստանա քաղաքական աշխարհի կողմից»։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ