Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի «Վերածնունդը» կկայանա «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո (Տեսանյութ) 

Ապրիլ 08,2015 12:58

Այսօր՝ ապրիլի 8-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսը նվիրված էր ապրիլի 15-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բացվող երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: 2009-ից առայսօր անցկացվող «Վերածնունդն» այս տարի կկայանա «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո: Այն նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին։ Փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 2800 երաժիշտ-կատարող, որոնցից 700-ը 36 երկրից է՝ ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա, Բելգիա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Եմեն, Էստոնիա եւ այլն: Մրցույթ-փառատոնը կանցկացվի 14 անվանակարգերում, այդ թվում՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն:

Ժյուրիների կազմում ընդգրկված է արվեստի 85 ճանաչված գործիչ՝ աշխարհի 20 երկրից: Փառատոնի օրերին ժյուրիի անդամները եւ անվանի երաժիշտները վարպետության դասեր կանցկացնեն Երեւանում եւ Գյումրիում:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց, որ «Վերածնունդ» փառատոնի անունն ազդարարելիս միշտ հպարտությամբ է լցվում, նրա խոսքով այս փառատոնի շնորհիվ կարողացել են ներկայացնել մեր շնորհալիներին: «Այս փառատոնը բարոյականության նիշ է սահմանում նաեւ իր կարգախոսներով»,-հավելեց նա: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց փառատոնի հիմնադիր Կարինե Ավդալյանին, որի ուսերին է փառատոնի ծանրությունը

Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, բարերար Գաբրիել Ջամբարջին նշեց, որ փառատոնը յուրատեսակ վերածննդի մեջ է, եւ ուրախ է, որ այն տարեցտարի աջ է գրանցում:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի խոսքով, շատ երկրներից զանգահարում են իրեն ու հարցնում, թե ինչ տանեն իրենց հետ Գյումրի. «Երեւանյան որեւէ փառատոնի ժամանակ նման բան չեն ասում, իսկ Գյումրիի պարագայում զարմանալիորեն այդ ճանաչված մարդիկ ցանկանում են դատարկաձեռն չգալ: Հուրախություն բոլորիս Գյումրին ունի միջազգային փառատոն, հայտնի մարդիկ գալիս ու հաճույքով են մասնակցում այդ փառատոնին»:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի համոզմամբ, վերջին տարիներին աննախադեպ ուշադրություն է հատկացված դասական արվեստին: Նրա խոսքով, 2800 մասնակիցների ներկայությունը փառատոնին իսկապես վերածնունդ է:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, մրցույթ-փառատոնի հիմնադիր եւ համանախագահ Կարինե Ավդալյանն ասում է, որ փառատոնը մեծ եւ շքեղ իրադարձություն է: Այն սկզբում 400 հոգանոց է եղել: Առաջին իսկ օրվանից փառատոնին աջակցում են «Փյունիկն» ու մշակույթի նախարարությունը: «Բոլոր ԱՊՀ երկրները, բացի Ադրբեջանից, մասնակցում են մեր փառատոնին: Անվանի ժյուրի ունենք՝ այդ թվում՝ Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի պրոֆեսոր Յուրի Ժիսլինը, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Եվգենի Բրախմանը՝ Ռուսաստանից»,-հայտնեց տիկին Ավդալյանը: Նաեւ հավելեց, որ այս տարի ՌԴ նախագահի մշակույթի գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյն է զանգահարել եւ համագործակցության ցանկություն հայտնել, այդ կապերի ու ամենատարբեր աջակցության համար ինքը շնորհակալ է Արմեն Սմբատյանին եւ Շահեն Շահինյանին:

Կարինե Ավդալյանը չմոռացավ նշել, որ «Փյունիկ» հիմնադրամը փառատոնին նվիրել է ռոյալ, փողային ու հարվածային գործիքներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930