Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խայտառակություն որակեց «100 ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ու նրա համախոհների ձերբակալությունները:
«Բանտարկեցին այն մարդկանց, որոնք ասում էին պետության մեջ սխալ բան կա, ժողովրդի կյանքը գնալով վատանում է, սրանից ավելի խայտառակ բան չէին կարող մտածել: Այն ինչ անելու էր Սեֆիլյանը, անձայն բողոքի գործողություններ էին, որը պատիվ էր բերելու այն պետությանը, որն իր Սահմանադրությունում գրել էր, որ ժողովրդավարական պետություն է: Չեմ կիսում Ժիրայրի գաղափարը, որ հենց ապրիլի 24-ին իշխանափոխություն անելու վերաբերյալ, բայց դեմ եմ, որ գնան Ժիրայրին ու իր համախոհներին վերցնեն տանեն, փակեն: Քաղաքական հարցերը լուծում են բռնությամբ, դժգոհ ես՝ կփակենք բանտում, գնա նստի: Թող Սեֆիլյանն աներ, ինչ ուզում էր, քանի՞ մարդ էր գնալու, մասնակցեր, ի վերջո մի ստվար զանգված այդ օրվա բողոքի ակցիան չողջունեց: Ինչի՞ց վախեցան: «Հիմնադիր խորհրդարանի» անդամները դեռ մի բան չարած հայտարարում էին: Այս ձերբակալություններն ավելի շատ են ցեղասպանության նվիրված միջոցառումներին խանգարելու, քան թե Ժիրայրը 300 հոգով ինչ-որ բան ասեր»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:
Նա նաեւ դժգոհեց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ քաղաքի տեսքից. «Քաղաքը պատրաստ չէ հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Անմոռուկի տակ գրված է՝ հիշում ենք ու պահանջում, Ի՞նչ են պահանջում, ինչու անմոռուկի նշանը՝ հիշում ու պահանջում ենք Երեւանում տարածված չէ, սա ջայլամի քաղաքականություն է»:
Նրա կարծիքով, քաղաքում դատարկ պաստառներ կան, որոնք պետք է անմոռուկներով ու ցեղասպանության խորհրդով պաստառներով զարդարված լինեին. «Երեւան մտնող սփյուռքահայը չի զգա տարելիցի զորավոր ուժը, որը պիտի կրիտիկական զանգվածի հասներ հենց Հայաստանում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ