Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. «Հայաստանին անհրաժեշտ է ընդունել մեկ համապարփակ օրենք խտրականության դեմ»

Ապրիլ 08,2015 12:50

«Անկախ Հայաստանի ընտրությունից, այս կամ այն միության ինտեգրացիայից, երկու կողմերն էլ պատրաստակամ են շարունակել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,-այսօր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կազմակերպած «Խտրականությունն արգելող օրենսդրության հեռանկարները Հայաստանում» թեմայով ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում ԵՄ Պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը: Նա շեշտեց, որ «Հայաստանին անհրաժեշտ է ընդունել մեկ համապարփակ օրենք` խտրականության դեմ»:

Այս առիթով ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորեց հասարակական հանդուրժողականությունը ու նշեց. «Ժողովրդավարության հիմքը հանդուրժողականությունն է. գիտակցորեն հանդուրժելը մեկ այլ տեսակի, քան դու ես: Այս առումով կարևոր է քաղաքացիական հասարակության անդամների անձնական մակարդակով ձևավորել հանդուրժողականության մշակույթը: Այսօր ՀՀ-ում ընթանում են սահմանադրական բարեփոխումներ և պատահական չէ, որ ամենաթեժ քննարկումները ծավալվում են հենց մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգեր գտնելու վերաբերյալ»:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ խտրականության մասին ցանկացած օրենք կհանդիպի հասարակության տարբեր շերտերի կողմից դիմադրության, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Եթե ունենանք էլ այդ համապարփակ օրենքը, ապա միամիտ կլինի կարծել, որ դրա իրականացումը, հայերեն ասած, հալած յուղի պես է գնալու: Մենք չպետք է սպասենք օրենք ունենալուն, այլ զուգահեռ աշխատանքներ տանենք»:

Հովհաննես Մանուկյանը նկատեց, թե հենց սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության առաջընթաց կա՝ 15-20 տարի եղած իրավիճակի հետ համեմատած: Նախարարը նշեց, որ շուտով օրենսդրական փոփոխությունների ականատես կլինեն, քանի որ նախարարությունում արդեն կան պատասխանատուներ, որոնք զբաղվում են այդ աշխատանքներով: Քրեակատարողական հիմնարկներում՝ նույնասեռականներրի նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ կապված մտահոգություններին ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց. «Գիտեք, թե ինչ քրեակատարողական համակարգ ենք ժառանգել Խորհրդային միությունից. 100-200 տարեկան շենքեր ունեցող քրեակատարողական հիմնարկներ: Այս խնդրին ուղղված գործողություններ մենք իրականացնում ենք անընդհատ, ամեն օր և ոչ միայն օրենքի մակարդակի լուծումներ ենք փորձում գտնել, այլև ամենօրյա հսկողություն ենք իրականացնում ՔՀԿ-ներում»:
ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը նկատեց. «Համակարգային փոփոխություններ են պետք. դա նշանակում է օրենսդրական հարցերի լուծում և պետական ու ոչ պետական համակարգերի այնպիսի գործունեության ձևավորում, որ այդ փոփոխություններն իրականություն դառնան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930