Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Տիցիանի ոսկեգույնը եւ Ռենուարի վարդագույնը շատ լավ հանգստացնում է նյարդերը»

Ապրիլ 08,2015 12:47

Այս պահին ԱԺ-ում շարունակվում է գազի հանձնաժողովի զեկույցի քննարկումը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ նախորդ կառավարության ժամանակ ազգաբնակչությունը հանկարծ իմացավ, որ 300 մլն դոլար պարտք ունեն գազի համար, որի մասին իրենք տեղյակ չեն եղել. «Երբ այն ժամանակ հարց էին բարձրացնում՝ գազի գինը արդյոք բարձրացե՞լ է, բոլոր պաշտոնյաները, այդ թվում նախկին վարչապետը հայտարարում էին, որ նման բան չկա»:

Երեկ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս, ասաց, որ սակագնի մեջ ներառված են «Գազպրոմ Արմենիայի» որոշ ծախսեր, օրինակ, 1.5 մլն դրամի բույսեր ու նկարներ են գնվել: Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմացավ, որ ինչո՞ւ են այդ ծախսերը ներառվել սակագնի մեջ, կարող է վաղը Գազպրոմի միջանցքում Վան Գոգի նկարները կախեն, դրա համար ինչո՞ւ պետք է սպառողները վճարեն՝ Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ այդ 1.5 մլն-ը «Գազպրոմ Արմենիայի» 300 մլրդ շրջանառության դիմաց չնչին տոկոս է կազմում:

Այսօր Նաիրա Զոհրաբյանը հեգնեց. «Ասում են, 1.5 մլն-ը ընդամենը ծաղիկներ, նկարներ եւ այլ բաներ են գնել եւ դրան պետք է ուշադրություն չդարձնել: Բա որ հանկարծ մեկ էլ «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցների էսթետիկական ճաշակը բարձրանա եւ նրանք որոշեն իրենց ռելաքսն անցկացնեն այնպիսի հանգստասենյակներում, որտեղ կախեն ոչ թե պատճեններ, այլ, օրինակ, Տիցիանի եւ Ռենուարի բնօրինակները: Ասեմ, որ Տիցիանի ոսկեգույնը եւ Ռենուարի վարդագույնը շատ լավ հանգստացնում է նյարդերը: Բերել պատճառաբանություն, թե 1.5 մլն դրամ, ինչ է եղել, որ, դա էլ թող հարկատուների հաշվին վճարվի, հաշվի առնելով, թե ինչպիսի թալան է եղել համակարգում…Չեմ կարծում, որ դա քաղաքական ուժին վայել ձեւակերպում եւ հայտարարություն է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե ՀՀ-ն ունենա քաղաքական կամք, Լոզանյան համաձայնագրից հետո, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն, Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ համագործակցության համար լավ հնարավորություններ են բացվում. «Սա լրջագույն շանս է ՀՀ-ի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930