Գեղանկարչության հանդեպ հետաքրքրությունը ինձ տարավ դեպի Աղավնիենց հյուրասենյակ, որտեղ ցուցադրված նկարները գրավել էին ուշադրությունս:
Մի պահ հայացքս կանգ առավ պահարանի խորքում փոքրիկ չափսերով Աստվածամոր սրբապատկերին, որից անսահման լույս էր հորդում: Նկարը այնպիսի վարպետությամբ էր արված ու այնքան խոսուն էր, որ այն ինքնաբերաբար վերցրեցի ձեռքերիս մեջ ու մտածեցի. Հավանաբար հայտնի նկարչի գործերից կլինի: Երբ Աղավնիին հարցրեցի, թե որտեղից նրանց այդ նկարը, նա ասաց. Մայրիկիս հարցրու:
Եփրաքսի մայրիկը գորովանքով պատմեց իր սկեսրոջ Երանուհու և ս. Մարիամ Աստվածածնի նկարի հետ կապված պատմությունը: Երանուհին 22 տարեկանում ամուսնացած էր, ուներ 2 զավակ և ապրում էր Արևմտյան Հայաստանի Իզմիթ բնակավայրում:
1915 թ.հայության բնաջնջման չարաբաստիկ բոթը հասել էր նաև Իզմիթ: Շատերը չէին հավատում, ուստի Իզմիթի բնակչությունը հանկարծակիի եկավ, երբ գիշերով թուրքական հեծյալների մի խումբ մտավ Իզմիթ , պահանջելով բնակիչներից դուրս գալ տներից’ ոչինչ չվերցնելով իրենց հետ:Նրանք ովքեր չենթարկվեցին, սրախողխողի ենթարկվեցին իրենց իսկ տներում: Գիշերվա խավարի մեջ ամենուր լսվում էին հառաչանքներ, լաց ու կոծ:Մահվան ուրվականը կախվեց յուրաքանչյուրի գլխին:
Երանուհու ամուսինը տանը չէր ու դեռատի կինը չգիտեր ինչպես վարվել:Ս. Աստվածածինը կպաշտպանի իրեն,- մտածեց նա և Աստվածածնի պատկերը ս. Գրքի հետ թաքցրեց ծոցում ու 2 երեխաների հետ լրացրեց մահվան դատապարտվածների շարքերը: Նրանց տանում էին ամայի տարածքներով, ճանապարհին մի կողմից նոսրացնելով շարքերը…, մյուս կողմից այն լրացնելով շրջակա գյուղերից նոր տեղահանվածներով:Տեսարանը սահմռկեցուցիչ էր.հայհոյանքներին հաջորդում էին մտրակների հարվածները, ծաղր ու ծանակը: Արյունից չհագեցող բաց երախներով թուրք հեծյալները անվերջ պտտվում էին, փնտրելով հերթական զոհին: Ոտքերը հազիվ քարշ տվող ծերերին առաջին իսկ ժամերին սրախողխող արեցին: Շարասյունը իր ետևից թողնում էր դիակներ ու արյան լճեր: Հայոց սրբազան հողը ինքն էր տնքում ցավից . նահատակվածների փոխարեն: Ահը սրտում, տեղահանվածներից յուրաքանչյուրը մտածում էր, թե արդյոք ինքը չի՞ լինի հաջորդ զոհը:
Երանուհին ամուր կրծքին էր սեղմել փոքրիկ Դանիելին, իսկ Ազգանուշի ձեռքը այնպես ամուր էր բռնել, որ թվում էր՝ նրանք մեկ ամբողջություն են : Ամեն ակնթարթ, Տիրամոր պատկերը ծոցում սեղմած կրծքին, Երանուհու շուրթերը մտմտում էին .- Ս. Աստվածածին, Ս. Մարիամ օգնիր մեզ, փրկիր մեզ,- ու ավելի ամուր էր սեղմում Դավիթին ու Ազգանուշին: Մի պահ Երանուհու ոտքերը թուլացան ու ինքն էլ չհասկացավ թե ինչպես ` հերթական նահատակը չդառնալու մտքից էր, թե’ մահվան սարսափից, որ հասավ շարասյան սկիզբը ու հայտնվեց դեռատի, հղի մի կնոջ կողքին: Հանկարծ Երանուհին լսեց, որ հղի աղջկա, դեռ չծնված երեխայի սեռը պարզելու համար 2 ասկյարներ գրազ եկան:Դավադիր սուրը փայլատակեց ու մխրճվեց հղի կնոջ որովայնը. դուրս բերելով չծնված մանկան մարմինը:Կինը տապալվեց գետնին ու անմիջապես հանգչեց… հագուրդ տալով ոսոխների արյան ծարավին:Դահիճները վեր բարձրացրին սրի վրա առած մանկան մարմինը. հաջորդեցին դիվային հռհռոցները:Երանուհին չհասցրեց գիտակցել, թե ինչպես վայր դրեց փոքրիկ Դանիելին ու բաց թողնելով աղջնակի ձեռքը, հայտնվեց ոճրագործի առջև և ամբողջ ուժով ապտակեց նրան: Տիրեց քար լռություն… : Թվաց `Երանուհին ինքնակամ որոշեց իր իսկ մահվան դատավճիռը ու երբ թուրք ասկյարը արդեն պատրաստվում էր հարվածել Երանուհուն, շարքերից կանացի մի ձայն ճչաց.-
– Ձեռք մի տուր դրան, դա ձեր կոմիսարներից մեկի կինն է: Ոճրագործը չէր սպասում նման ,, ,,տհաճ,, անակնկալի’ հերթական սպանդը իրագործելու ճանապարհին: Երբ հարցրեցին, թե ինչ է այդ կնոջ ամուսնու անունը, նույն ձայնը գոռաց մտքին եկած պատահական թուրքի անուն:Այդ ընթացքում կանայք իրենց փեշերի տակով հեռացրին Երանուհուն, երեխաների հետ միասին:Այնուհետև նրանք կարողացան հեռանալ շարասյունից. թաքնվելով իրենց անծանոթ մի ընտանիքում, որտեղ Երանուհին ժամանակ առ ժամանակ գողունի բացում էր Ս.Գիրքը, կարդում և աղոթում ու աղերսում Աստվածամորը փրկելու իրենց:Երբ տանտերը նկատեց այդ ամենը Երանուհին հասցրեց թաքցնել Ս.Գիրքը :Սակայն տանտերը որոշեց բացահայտել իր ինքնությունը և գորովանքով մոտեցավ Երանուհուն ու շշնջաց. – Աղջիկս, մի վախենա մեզանից, մենք ծպտյալ հայեր ենք, միայն ասա որտեղ է ամուսինդ, որպեսզի հաղորդենք նրան ձեր գտնվելու վայրը, գուցե նա կարողանա գալ ու ձեզ անվտանգ մի երկիր տեղափոխի: Այդպես էլ արեցին: Երանուհին ամուսնու և երեխաների հետ կարողացավ փախչել Բուլղարիա, որտեղից էլ ընտանիքով ընդմիշտ վերադարձան Հայաստան ‘ հաստատվելով Երևանում: Նրանց ընտանիքը համալրվեց ևս երկու զավակներով, որոնցից մեկի անունը դրեցին Մարիամ’ ի նշան երախտագիտության Ս. Մարիամ Աստվածածնի, որը նրանց փրկության իրական ու միակ հույսն էր սպանդի եղեռական ճանապարհին:
Մինչ իր մահկանացուն կնքելը /1961թ/,ամեն լուսաբացի և արևամուտի Երանուհին ծնրադրում էր Աստվածամոր և Ս.Գրքի առջև, փառաբանում Տիրոջը, աղոթում ու գոհունակությունն հայտնում իր ընտանիքի փրկության համար: Սրբապատկերը և Ս.Գիրքը այժմ էլ պահարանի գողտրիկ անկյունից լուսավորում ու ջերմացնում են Երանուհու որդու’ Մանդալյան Դանիելի զավակների տունը:
Սա այն սրբապատկերն է, որը Երանուհին, ծոցում թաքցրած, բերել է մայր Հայաստան:
Լիլիա ԴԱՆԻԵԼՅԱՆ