Եվ ահա, պահը հասունացել էր. ժամանակն էր մեկուսացնել անհնազանդության կոչ անողներին, քանի որ աշխարհի տարբեր երկրների նախագահների այցը նախապատրաստելու նպատակով այս օրերին Երեւանում են բազմաթիվ երկրների անվտանգության աշխատակիցներ, որոնք պետք է իրենց ղեկավարներին զեկուցեն՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, եւ որքանով է այստեղ անվտանգ։
Այդպես՝ երեկ՝ ժամը 06.45-ին սահմաններում, քննչական կոմիտեի եւ ազգային անվտանգության ներկայացուցիչներն այցելել են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի բնակարան։ Ըստ Ժիրայր Սէֆիլյանի կնոջ՝ Նանոր Սէֆիլյանի՝ քննիչը ներկայացրել էր խուզարկության որոշումը եւ հայտնել, որ զենք են փնտրում։
«Տունը խուզարկեցին, իհարկե, մենք տանը զենք չունենք, դանակ գտան, Ժիրայրի զինվորական իրերը գտան, էն տարիների ուսապարկը, ջրամանը եւ մի փոքր դանակ, որը մեկը նվիրել էր իրեն, դուբինկա… տարան դրանք»։ Նշենք, որ խուզարկությունը տեւել է մոտ երեք ժամ, ինչի արդյունքում իրավապահներն առգրավել են Սէֆիլյանի, նրա կնոջ, եղբոր ու երեխաների համակարգիչները եւս։
Շարժման անդամ Կարո Եղնուկյանի պատմելով էլ՝ ժամը 06:30-ին իր բնակարանի դուռը թակած քննիչներն ասել են, եթե նա դուռը չբացի, կկոտրեն։ Ավելի ուշ Եղնուկյանը բացել է տան դուռը, եւ խուզարկության արդյունքում նրա բնակարանից տարել են «Հիմնադիր խորհրդարանի» 600-ից ավել թռուցիկներ, 3 հեռախոս, ժամացույցը, ինչպես նաեւ՝ նրա գրպանի գումարը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց. «Եթե Եղնուկյանը չկարողանա իրականացնել հավաքը, ապա կարելի է ասել, որ այս բոլոր խուզարկություններն ու քննչական գործողությունները միտված են նրա քաղաքացիական գործունեության խոչընդոտմանը։ Ըստ էության կարելի է ասել, որ հարուցված քրեական գործի քողի տակ խոչընդոտվում է մարդու քաղաքացիական եւ քաղաքական գործունեությունը»։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ ՀՀ քննչական կոմիտե բերման ենթարկվածների մեջ է եղել նաեւ Ժիրայր Սէֆիլյանի եղբայր Թորոս Սէֆիլյանը, որը «Հայկական վերածնունդի» Լիբանանյան ներկայացուցիչն է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սէֆիլյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը տեղեկացրեց, որ Ժիրայր Սէֆիլյանի եղբորից առգրավել են նրա անձնագիրը եւ հայտնել, որ նա այն կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե ներկայանա քննչական մարմին. «Այս պայմաններում չի կարելի ասել, որ նրան նորմալ ճանապարհով հրավիրել են ցուցմունք տալու»։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում