Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ զրուցել են Էդվարդ Նալբանդյանի՝ մոսկովյան այցի մասին:
– Ի՞նչ եք կարծում, Նալբանդյանը հանդիպման ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարց կբարձրացնի՞, մտահոգություն կհայտնի՞ այդ առիթով։
– Այդ հարցին երեւի լավագույնս կպատասխանի Էդվարդ Նալբանդյանը, բայց ես կարող եմ ասել, որ նա պարտավոր է բարձրացնել, քանի որ ռուսական զենքն այսօր սպանում է մեր զինվորներին։ Այդ ռուսական զենքն է, որ լկտիացնում է Իլհամ Ալիեւի ռեժիմին, ընդ որում՝ լկտիացնում է ոչ միայն Հայաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ, այլեւ լկտիացնում է նույնիսկ հենց Ադրբեջանի հասարակության դեմ, նրա կողմից գործադրվող ռեպրեսիաների մեջ։
– Երկու օր առաջ ռուսական «Միջազգային հարաբերություններ» հանդեսին տված հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը, բնութագրելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ասել էր, որ երկու երկրների հարաբերությունների դաշնակցական բնույթը դոսեւորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով։ Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է նրա այս մեջբերումը։
Կարդացեք նաև
– Հռետորական առումով՝ գուցե Նալբանդյանը ճիշտ է, բայց որակական առումով՝ մենք տեսնում ենք, որ այդ հարաբերությունները գտնվում են վերտիկալ հարթության վրա, որտեղ Հայաստանի վրա դրվում են պարտականություններ, իսկ ռուսներին տրվում են միայն իրավունքներ։ Հիմա ժամանակն է, որ հայկական դիվանագիտությունը պարզապես վերաարժեւորի, վերաիմաստավորի Հայաստանի տեղը եւ դերը տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ, քանի որ ժամանակները փոխվել են, եւ Հայաստանի առջեւ այժմ մի հարց կա դրված՝ Հայաստանը այս վերափոխումների միջից պլյուսո՞վ է դուրս գալու, թե՞ մինուսով։
Մենք մինուսի վերջում ենք, մենք ուղղակի պարտավոր ենք անելու ամեն ինչ, որպեսզի դուրս գանք պլյուսով, քանի որ հիմա եւ առաջիկա մի քանի տարիներն ուղղակի վճռորոշ են լինելու մեր հետագա սերունդների համար, որոնց առջեւ մենք պատասխանատու ենք։ Մենք պետք է պետական մտածողություն դրսեւորենք՝ այս խնդիրը պատշաճ ձեւով լուծելու համար։
Աստղիկ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում