Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղի հացը

Ապրիլ 08,2015 10:20

Ավարտվեց Մեծ պահքը: Ի շարս այլ սահմանափակումների՝ այս ողջ ընթացքում հիմնականում չէին կատարվում նաեւ պսակադրության արարողություններ: Հաշված օրեր հետո մայիս ամիսն է, եւ կարելի է ասել, որ թեւակոխել ենք հարսանիքների գարնանային ակտիվ սրացման փուլ: Ե՞րբ եք վերջին անգամ մասնակցել միջին վիճակագրական հայկական հարսանիքի: Հիշո՞ւմ եք, թե ինչ էր կատարվում: Ես ու հարսանիքը հանդիպում ենք հիմնականում հարսանքավորներով ու նրանց պլպլացրած մեքենաներով լեցուն եկեղեցու բակում: Իսկապես չեմ հասկանում, թե էս «կռուտոյ» ավտոների գել ու գազան տերերը ոնց են իրենց «ճշտի» մեջ տեղավորում իրենց հետ հարսանիք եկած կանանց, մեղմ ասած, ոչ եկեղեցավայել հագն ու հատկապես կապը: Ախր, ինչի՞ է կինդ ցանցկեն զուգագուլպաներով մերկապարուհու կերպար ստացել, որ հիմա էլ կեւլարից հայացքով շանթում ես սրան-նրան, թե` մի նայեք, իմն ա: Սա դեռ մի կողմ, սրանք դեռ մի քանի անգամ փոխելու են իրենց հագին եղածը, մի կողմ նաեւ, որ եկեղեցի մտնելիս ասում են` Աստված ջան, մեռնեմ կյանքիդ: Փորձե՞լ եք լսել, թե ինչի մասին են քահանային զուգահեռ խոսում պսակադրության ժամանակ: Հետո եռաշարք փողոցում չորս մեքենայով զուգահեռ երթեւեկում են դեպի ինչ-որ սառցակալած այգի, ուր ձմեռվա կեսին ժանեկազգեստ հարսին լուսանկարում են բոլոր հնարավոր քաղքենի դիրքերով: Նկարելն ընդհանրապես հարսանիքի բուն իրադարձությունն է: Ամուսնանում են, ոչ թե որ ավելի երջանիկ ապրեն միասին, այլ որ նկարվեն:

Բայց սրանք մանր-մունր բաներ են` համեմատած էն Սոդոմի հետ, որ կատարվում է հարսանյաց սրահում: Վտանգավոր ձայն, լույս ու հանդիսավար, զոհված զինվորների կենացից հետո քյարթու թուրքական երաժշտություն, արաբներից, թուրքերից ու որոշ ավելի սարսափելի ամերիկահայերից վատ կապկած մառազմներ, որոնց ասում են արարողություն: Ներս մտնելու արարողություն, խորովածի արարողություն, ծաղիկը շպրտելու արարողություն, տորթի արարողություն, դիսկոյի արարողություն… Ես երբեք մինչեւ վերջ չեմ դիմանում: Պետք չի փորձել էդ հարսանիքների դիրիժորներին բացատրել, որ էս ամենի մեջ ազգային ինքնության մշակույթ չկա, որ նման մրցակցային վայրենությամբ ամուսնանալով՝ հազիվ թե երջանիկ ընտանիք ձեւավորվի: Նրանք դրան ջախջախիչ փաստարկ ունեն` մենք հո գեղացի չենք, որ էդ հազար տարվա բաներն անենք:
Մի քանի տարի առաջ, գուցե հիմա էլ, հատկապես Արարատյան դաշտավայրի բնակավայրերում մի «գեղացիություն» կար: Փնտրում էին հարսանիքի նախորդ գիշեր բաղը ջրելու գնացող մեկին: Նրա հետ առատ ուտելիք էին դնում ու որքան հնարավոր է՝ շատ լավաշ: Ջրվորն էս լավաշի մի տոկոսն էլ չէր կարող ուտել, նա տանում բացում, փռում էր լավաշը ջրի ձենին ու առավոտյան հետ բերում, տալիս հարսանքատիրոջը: Թե խնջույքի ժամանակ, թե հաջորդող օրերին հարսն ու փեսան ուրիշ հաց չէին ուտում: Ասում են, որ էս բաղի հացը համատեղ կյանքի հենց ակունքից հաշտություն էր ապահովում զույգին:
Վերջերս բրիտանացի գիտնականները «բացահայտեցին» էս «գեղացիությունը»: Նրանք ապացուցեցին, որ բնական պայմաններում հոսող ջրի ձայնը բարերար փոփոխության է ենթարկում մոտերքում գտնվող նյութերի ատոմների կառուցվածքն ու դրանք նույնիսկ բուժիչ է դարձնում: Բայց սա միայն բրիտանացի գիտնականների ու մեկ էլ «գեղացիների» համար է, մյուսները կարող են բարձր «հաբիբիի» ուղեկցությամբ ախպերներով պինդ գրկված պարել ու վերջում լոզոտ համբուրել միմյանց. դա էլ իր խորհուրդն ունի:

ԱՂԱՍԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Լավաշը փռում էին ջրի “բերանին” պարզ պատճառով. մեծաքանակ լավշը, որ մի քանի օր է թխվում էր`չորանում է: Ջրի մոտ խոնավությունը բարձր է և առավոտյան առաջանում է ցող, որն էլ համասեռ խոնավացնում է հացը: Մնացածը կարծում եմ պարզ է: Իսկ թե ինչ անհեթեթություն են պարզել անգլիացի գիտնականները (կամ լրագրողներն են հնարել) ջրի ձայնի մասին`արդեն “հայկական գիտություն” է հիշեցնում:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Հեղինակը իր մերձավորների հարսանիքն է այդքան մանրամասն նկարագրում` այն հարսանիքները որոնց ներկա է եղել: Եթե նրա մերձավորները, իր բառերով ասած քաղքենի են, «կռուտոյ» ավտոների գել ու գազան տերեր, ոչ եկեղեցավայել հագ ու հատկապես կապով, ցանցկեն զուգագուլպաներով մերկապարուհու կերպարով եւ այլն դա դեռ չի նշանակում որ բոլոր հայաստանցիներն են այդպիսին: Մի ընդհանրացրեք: Ասում են առյուծը արքա է բայց դա չի նշանակում, որ բոլոր արքաներն առյուծ են: Հեղինակ Աղասի Հունանյանի մասնակցությամբ անցած հարսանիքները քաղքենիական են, բայց դա չի նշանակում, որ հայաստանյան բոլոր հարսանիքներն են այդպիսին:

    • Արո says:

      Հարգելի ՀՀ քաղաքացի, դատելով ձեր վրդովված տոնից, կարծում եմ հեղինակն ու դուք նույն հարսանիքներին եք մասնակցել: Հեղինակը չի ընդհանրացրել: Նա չի հիշատակել ՈՉ «կռուտոյ» ավտոների ՈՉ գել ու ՈՉ էլ գազան տերերին, եկեղեցավայել հագ ու հատկապես կապով, համեստ ու միատոն զուգագուլպաներով և Ոչ մերկապարուհու կերպարով կանանց: Եթե նա ԱԿԱՄԱ նկարագրել է ձեզ ու այդպիսով վիրավորել, ապա ես կոչ եմ անում հեղինակին մաքրել ձեր անձին վերաբերող բոլոր նկարագրական հատվածները: Պարզապես այդ դեպքում հոդվածից բան չի մնա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930