Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի վատ չի կարող լինել

Ապրիլ 08,2015 16:00

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝
մեր գյուղերի ներկայի եւ ապագայի մասին

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարզերի խոշորացման մասին որեւէ տեղեկություն չունի: «Նման ինֆորմացիա չունեմ, որպես տղամարդ եմ ասում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նախարարը` պատասխանելով հարցին` մամուլում տեղեկություններ եղան, որ համայնքների խոշորացման ծրագրից հետո կառավարությունն իրականացնելու է մարզերի խոշորացման ծրագիր: ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ էլ, ի դեպ, դրական կարծիք էին հայտնել մարզերի խոշորացման վերաբերյալ: Նախարարն այս պահին զերծ է մնում մարզերի խոշորացման դրական կամ բացասական կողմերին անդրադառնալուց: Իր խնդիրը համարում է հանրությանը բացատրել համայնքների խոշորացումից սպասվող դրական արդյունքները: Մեր դիտարկմանը, որ հանրությունն այդքան էլ խանդավառված չի ընդունում համայնքների խոշորացման կառավարության ծրագիրը, Արմեն Երիցյանը չհամաձայնեց: Հրավիրեց մասնակցել իր հանդիպումներին ու համոզվել, որ խնդրի էությունը ճիշտ ներկայացնելուց հետո մարդիկ դրական տրամադրություններով են հեռանում: Մեր բերած ամենատարրական փաստարկին, որը հաճախ են բնակիչները բարձրացնում, մեկ տեղեկանքի համար մի քանի կիլոմետր ճանապարհ կտրել-անցնելուն, նախարարը պատասխանեց. «Ես որտեղ գնում եմ հանդիպման, ասում եմ` տեղեկանքի անուն չտաք, էդ հարցը կարգավորված է:

Համայնքի ներկայացուցիչն այդ իրավունքն ունենալու է, տրամադրելու է տեղեկանք: Իրեն համարակալված տեղեկանքներ կտան, ինքն էլ կտրամադրի»: Համայնքների խոշորացման նպատակներից մեկն էլ, ըստ կառավարության կողմից ներկայացվող փաստարկների, գյուղապետարանների պահպանմանն ու աշխատակազմին ուղղված գումարները խնայելով տվյալ գյուղում ներդրումներ անելն է` ենթակառուցվածքների, դպրոցի, մանկապարտեզի, մշակույթի տան եւ այլ ոլորտներում: Արմեն Երիցյանն ասում է, որ այդպես ավելի արդյունավետ կծախսվեն գումարները. «Ոչ ոք գյուղի գումարների վրա աչք չի դրել: Ամենակարեւորն էլ այն է, որ ֆինանսական ամբողջ գործողությունները, որ արվելու են, լինելու է մի մարդու ձեռքին, այլ ոչ թե յոթ գյուղապետ կարողանալու են այդ գումարներն ինչպես ուզեն` օգտագործեն»: Նախարարը համաձայն չէ, որ ֆինանսների կենտրոնացումը մեկ անձի ձեռքում առավել վտանգավոր է, քանի որ կամայական գործելու ռիսկն ավելի մեծ է. «Ոչ, այդտեղ լինելու է եւ ավագանին, եւ բոլոր գյուղերն իրենց ներկայացուցիչներն են ունենալու… Սա շատ հետաքրքիր ծրագիր է, ու ես երբ միջազգային կառույցներին եմ այն ներկայացնում, ամենակարեւորը, որ կարողանում եմ` հետները պայմանավորվել ու փող բերել: Համայնքներում մենք մեծ ներդրումներ ենք անելու»: Ծրագրերը լինելու են դպրոցաշինության, մանկապարտեզների վերանորոգման-վերագործարկման, ճանապարհաշինության, խմելու եւ ոռոգման ջրի մատակարարում ապահովելու կամ բարելավելու ուղղությամբ:

Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում, ըստ նախարարի, նախատեսված է նաեւ միջհամայնքային տրանսպորտի հարցի կարգավորում, համայնքներում զագսի, նոտարի ներկայացուցիչների ապահովում, որպեսզի գյուղացու գործն առավել հեշտացվի: Նաեւ գործարանաշինության ծրագրեր կան, որոնք աշխատատեղեր պետք է ապահովեն: «Այն, ինչ որ հիմա կա գյուղերում, դրանից վատ վիճակ չի կարող լինել, հավատացեք: Սա պիլոտային ծրագիր է, եւ մենք կարծում ենք, որ լավ արդյունքի կհասնենք: Ես վստահ եմ՝ կհասնենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Սահմանամերձ բնակավայրերում վերջին տասը տարվա վիճակագրությունը ողբերգական է. գրեթե ամեն տարի մեկ դպրոց փակվում է` աշակերտներ չլինելու պատճառով: Կառավարությունում ի՞նչ են մտածում այդ մասին: «Առավոտի» այդ հարց-դիտարկմանն Արմեն Երիցյանը թվերով պատասխանեց. «866 սահմանամերձ համայնքից 40-ում ընդհանրապես դպրոց չկա: 9-ում դպրոցները փակվել են: Սա ողբերգություն է: Ես եղել եմ բոլոր սահմանամերձ բնակավայրերում, մի քանիսում չեմ եղել, առաջիկա շաբաթվա ընթացքում լինելու եմ: Օրինակ՝ Բարեկամավանում… թուրքերն այնքան տականք են, որ դպրոցի վրա են կրակում: Հիմա այնտեղ պարիսպ ենք կառուցում, որ դպրոցի վրա չկրակեն: Մարդիկ երեխաներին տեղափոխում են այլ բնակավայրեր: Հիմա մտածում ենք, որ գյուղն անվտանգ լինի: Այդ դեպքում բնակիչները ետ կգան: Բայց գյուղեր էլ կան, որտեղ բնակվում են 7-10-20 մարդ… Ես այդ բոլոր գյուղերը գնում եմ, մինչեւ ինքս չգնամ, աչքովս չտեսնեմ, խնդիրը չպատկերացնեմ` այդ հարցերը չեմ կարող ներկայացնել ոչ վարչապետին, ոչ էլ նախագահին: Դրա համար ամբողջ օրը գյուղերում եմ: Բայց հավատացեք ինձ՝ խոշորացումը շատ լավ բան է, ու անպայման այնպես պիտի անենք, որ պիլոտային ծրագրով ապացուցենք դա. մյուսներն էլ մեզ խնդրեն, որ իրենց պարագայում էլ արագ անենք դա»:

Մի քանի ամիս առաջ կառավարությունն արտոնություններ տվեց սահմանամերձ 32 համայնքի: Դրանց շարքում էին նաեւ բիզնես սկսելու համար արտոնությունները: Նախարարից հետաքրքրվեցինք` այս ընթացքում եղե՞լ են մարդիկ, որ ցանկություն են հայտնել սահմանամերձ որեւէ բնակավայրում բիզնես հիմնել: «Կան: Բերդում, Նոյեմբերյանում, մի քանի այլ բնակավայրեր էլ կան, որ մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել, դեռ պայմանավորվում ենք: Մեկը չրի գործարան է ուզում կառուցել, տարբեր առաջարկներ կան»,- ասաց Արմեն Երիցյանը` հավելելով, որ սահմանամերձ բնակավայրերում ներդրումներ անելու ցանկություն հայտնողները դրսի հայեր են: Արմեն Երիցյանը համակարգում է նաեւ արաբական հինգ երկրների հետ համագործակցության հանձնաժողովը, որը ձեւավորվել է վարչապետի` արաբական երկրներ կատարած այցից հետո: Նախատեսվում են փոխայցելություններ: Չի բացառվում, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արաբական ներդրումներ լինեն: «Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մինի-գործարաններ է պետք կառուցել, մեծ պետք չէ: Որ աշխատատեղ եղավ, բոլորը ետ են գալու: Գիտեք, ոչ ոք չի ուզում ռուսաստաններում թափառել»,- եզրափակեց Արմեն Երիցյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930