Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ասողը փողն է դարձրել Աստված ու կուռք

Ապրիլ 08,2015 15:30

Աշխատե՞լ մեռելոցներին, թե՞ ոչ

Տարիներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, թե իբր Հայաստանի Գյումրի քաղաքի երկնքում խաչելություն է հայտնվել: Աղմուկը մի քանի օր տեւեց, ոմանք խաչելություն էին տեսնում, այլոք` Աստվածամոր դեմք կամ գոնե դիմագծեր: Աշխույժ քննարկումների եւ իրարամերժ կարծիքների ամբողջության մեջ լավագույնը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի խոսքն էր: Սրբազանը ասաց` հայտնված-չհայտնված խաչելությունը իմ հավատին ոչինչ չի ավելացնում, եթե հավատում եմ, կհավատամ նաեւ առանց դրա, եթե չեմ հավատում` խաչելությունը տեսնեմ էլ` չեմ հավատա: Ավելի լավ չես ասի:

Տարիներ առաջվա այս պատմությունը հիշեցի այս օրերին, երբ ՀՀ կառավարությունը հերթական անգամ եկեղեցական տոների առիթով աշխատանքային օրերի փոփոխություն արեց: Սկզբում լուրեր եղան, թե Հովիկ Աբրահամյանը որոշել է «սրբագրել» Տիգրան Սարգսյանին, եւ աշխատանքային օրերի փոփոխություններ չեն լինի: Բայց եղան: Նաեւ կարծիքներ եղան, թե սրանով Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցույց տվեց, որ եկեղեցական տոներով պայմանավորված աշխատանքային օրերի փոփոխության հարցում «հարց լուծող տղեն» ինքն է: Մինչդեռ հարկ է խնդրին նայել ոչ թե «տղայական» հարթությունում ու շեղվել բուն թեմայից, այլ տնտեսական հարմարության եւ հոգեւոր:

Առաջին` տնտեսական հարմարության առումով աշխատանքային օրերի նման փոփոխությունն ուղղակի նպատակահարմար չէ: Շատ տնտեսվարողներ աշխատում են չփոփոխված գրաֆիկով` լավագույն ապացույց աշխատանքային օրերի փոփոխության տնտեսական աննպատակահարմարության: Վարչապետն էլ՝ իբրեւ ՀՀ տնտեսության պատասխանատու, պետք է տնտեսվարողի շահով առաջնորդվի: Հասկանալի է նաեւ, որ վարչապետը չի էլ կարող հարցի հոգեւոր կողմն անտեսել: Բայց եկեղեցական տոների առիթով աշխատանքային օրերի փոփոխության հարցի հոգեւոր կողմը, մեղմ ասած, անթերի չէ: Առաջնորդվելով Միքայել Սրբազանի վերը բերված ծանրակշիռ տրամաբանությամբ՝ արձանագրում եմ. եթե կամենամ քրիստոնեական տոները նշել կամ հանգուցյալ հարազատներիս շիրիմներին այցելել` ժամանակ կգտնեմ, եթե չուզեմ` հատուկ դրա համար ոչ աշխատանքային օր հայտարարեն` ոչ կնշեմ, ոչ այցի կգնամ: Նախընտրական օրերին իշխանությունները պետական հատվածի աշխատողներին պարտադրում-հարկադրում են մասնակցել իրենց քարոզարշավին: Սա դատապարտելի է, բայց քաղաքական պայքարի հայկական տեսակի տրամաբանության մեջ` հասկանալի: Բայց երբ եկեղեցին է պարտադրանքների ուղին ընտրում` հասկանալի չէ: Հարցը թողնվեց հանրության որոշելուն: Տեսնենք, թե հանրությունն ինչ կորոշի:

Աստծո 10 պատվիրանից հինգերորդը պատգամում է. «Պատվիր քո հորն ու մորը»: Չկա «Մարդկանց պարտադրեք պատվել իրենց հորն ու մորը» պատվիրան: Ժան Ժակ Ռուսոն ասում էր. «Իմ խնդիրը ճշմարտությունն ասելն է, ոչ թե ստիպել, որ մարդիկ քեզ հավատան»: Պարտադրանքի փոխարեն ճշմարտություն է պետք: Հավանական է, որ աղմկոտ օֆշորային-ֆինանսական պատմությունների մեջ հայտնվող մեր «օլիգարխոտ» հոգեւորականների մատուցած ճշմարիտ խոսքը անտեսվի: Դժվար է մարդուն համոզել, որ ճիշտը «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար»-ն է` առաջին պատվիրան, կամ «Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»-ը` երկրորդ պատվիրան, երբ ասողը փողն է դարձրել Աստված ու կուռք: Բայց ակնհայտ է, որ պարտադրանքն էլ առանձնապես չի ողջունվում: Արդյոք ժամանակը չէ՞, որ եկեղեցին մտածի ոչ թե եկեղեցական տոների առիթով աշխատանքային օրերի փոփոխություն պարտադրելու, այլ փոփոխվելու-փոխվելու մասին:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հաևգարժան Նելլի Գրիգորյան,օրերի փոփոխություն կատարվում է հենց տնտեսական նպատակահարմարության տեսակետից:Եթե նախկինում ուշադիր եք եղել,,,մեռելոցի,,օրերին աշխատողների մեծ մասը աշխատանքից ճողոպրում էին գերեզմաններ այցելելու,կամ հենց այնպես իբր այցելելու պատրվակով:Ներկա դեպքում էլ այդ աշխատողները բողոքում են,որ իրենց զրկել են աշխատանքից ,,փախնելու,, հրարավորությունից:Վերադարձվեն նախկին ձևին,մեկ էլ բողոքելու են,որ իրենց զրկել են իրենց հարազատի գերեզման այցելությունից:Դե, Դուք գիտեք ինչպես է լինում այժմ մեր երկրում կառավարության որոշումների նկատմամբ մեր,,ակտիվիստների,,վերաբերմունքը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930