Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո»

Ապրիլ 08,2015 14:00

Սարգիս Հացպանյանի «Հայերն իրենց բնօրրանում՝ ցեղասպանությունից հետո»
դասախոսությունների շարքից հերթականը վերաբերում է հանրապետական
Թուրքիայի ողջ տարածքում ապրած հայությանը:

Վերլուծաբանը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց 1919 թվականին Կ.Պոլսի Փերա թաղամասում տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միակ հուշարձանի մասին, պատմեց, թե ինչպե՞ս Օսմանյան կասրության սուլթան Սուլեյման I Փարահեղը՝ 1530 թվականին ի պատիվ իր անձնական խոհարար վանեցի Մանուկ Սեֆերյանի, հայերին նվիրեց Կ.Պոլսում մի հսկայական հողատարածք, ինչպես նաեւ 50 լեզվի գիտակ Հակոբ Մարթայանի, Թուրքիայի ռազմական առաջին կին օդաչու Աթաթուրքի որդեգիր հայուհի Սաբիհա Գյոքչենի (նույն ինքը՝ Խաթուն Սեբիլճյան) մասին, թե ո՞վ էր Սեիդ Ռըզան, ովքե՞ր են զազաները, եւ ինչու՞ էին նրանք ապստամբում 1921 թ., 1925 թ. ու 1937-38 թթ.:
Բանախոսը ցույց տվեց հայկական նահանգների ու հայահոծ շրջանների քարտեզը, ուր մեծ ու փոքր կարմիր շրջանակներով նշված էին ըստ բնակավայրերի կոտորածները եւ փաստեց, որ եղեռնական 1915 թվականից հետո Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում շատ հայեր դեռ շարունակում էին ապրել իրենց բնօրրանում: Ընդգծեց նաեւ, որ ցեղասպանությունից հետո Թուրքիայի տնտեսությունը հայտնվել էր ծանր վիճակում, քանզի արդյունաբերությամբ եւ արհեստներով զբաղվող հայությանը կամ կոտորել էին, կամ աքսորել: Սա էր պատճառը, որ 1915 թվականին տեղ-տեղ ցուցակագրել էին այն հայերին, որոնց պետք է ետ վերադարձնեին աքսորի ճամփից: Ովքեր ետ վերադարձան, տեղերում աշխատեցին ըստ իրենց արհեստների, կյանքը նորից սկսվեց: Ի դեպ, մի ուշագրավ քարտեզ էլ վերաբերում էր Թուրքիայի ողջ տարածքում մինչեւ կոտորածները գործած հայկական դպրոցներին: Թուրքական դպրոցների թիվը կազմում էր հայկականի ընդամենը հազիվ 2%-ը:

hacpanyan.-5-1
Ըստ 1927 թվականի հանրապետական Թուրքիայի առաջին մարդահամարի տվյալների՝ հայերի թիվն իբր կազմում էր 67 հազար, մինչդեռ Գեւորգ Հալաջյանը, ով 1925-28թթ. գտնվելով Սեբաստիայի բանտում, իր կապավորների միջոցով բնակավայր առ բնակավայր գումարային հաշվել էր՝ 128 հազար հայ, 45-ը՝ Արեւմտյան Հայաստանում, 3-ը՝ Իզմիրում, 80-ը՝ Կ.Պոլսում եւ նրա արվարձաններում: Եղեռնից մազապուրծ շուրջ 300 հազար որբերից տեղավորել էին Սիրիայում, Լիբանանում բացված որբանոցներում: Ցուցադրված լուսանկարներից մեկը պատկերում էր Լիբանանի Այնթուրա որբանոցն այցելած եղեռնագործ Ջեմալին՝ որբերի եւ Հալիդե Էդիփի հետ, ում հանձնարարված էր հայ որբերի թրքացման գործը: Եվրոպական կրթությամբ՝ սալոնիկցի իսլամացած հրեա Հալիդե Էդիփը (Ադըվար), ով ժամանակին օգնում էր երիտթուրքերին, հետո՝ Մուստաֆա Քեմալին, վերջինիս ամենամոտ գործակիցն էր ու ազգակիցը: Նա թուրք սպայակույտին մատակարարում էր հայ դեռատի որբուհիներին (ցուցադրվեց լուսանկար): Այսօրվա Թուրքիայում Աթաթուրքի (Մուստաֆա Քեմալ) անունից հետո ամենաշրջանառվողն այդ կնոջ անունն է, որի անունով կոչվել են հարյուրավոր դպրոցներ: Այս երկուսի հարաբերությունները ճաք տվեցին այն ժամանակ, երբ 1926թ. Մուստաֆա Քեմալը կախել տվեց իրենց մյուս ազգական՝ դոկտոր Նազըմին եւ Ջավիտին, ովքեր եղեռնի հիմնական դերակատարներից լինելով՝ հայերից խլած միջոցները յուրացրել, տեղափոխել էին Գերմանիա: Մեկ այլ նկարում էլ՝ կանոնավոր վարժանք անող ապագա ենիչերիներն էին (բոլորն էլ հայ որբ երեխաներ), որոնց պատրաստում էր մարշալ Ֆեւզի Չաքմաքը: Որբերի մի մասը 1946 թ. Խորհրդային Հայաստան հայրենադարձվող մեր հայրենակիցների մեջ էին, նրանց ինչքան էլ փորձել էին թուրքացնել, հիշում էին իրենց հայ լինելը: Վերլուծաբանը ցուցադրեց նաեւ 1919 թվականին Կ.Պոլսի Փերա թաղամասում տեղադրված Եղեռնի զոհերի միակ հուշարձանի լուսանկարը (քարին քանդակված էր՝ «Յիշատակ ապրիլի 11-ին»-իսլամական հիջրի տոմարով ապրիլի 24): Հուշարձանը, որի մոտ հարգանքի տուրք էր մատուցվում անմեղ զոհերի հիշատակին՝ ամեն տարի ապրիլի 24-ին, մինչեւ 1924 թիվը դեռ կար: Ի դեպ, այդ հսկա հողատարածքը, որ ներառում է նաեւ Շիշլի թաղամասը, ընծայել էր Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I Փարահեղը՝ 1530 թվականին հայերին՝ ի պատիվ իր անձնական խոհարար վանեցի Մանուկ Սեֆերյանի, ում երախտագիտություն էր հայտնել սուլթանը, որ նա չէր համաձայնել սուլթանին թունավորելու դավադիրների առաջարկը կատարել: Սուլթանի առաջարկին, թե ի՞նչ կցանկանար Մանուկը սուլթանից, վերջինս խնդրում է ննջեցյալների տեղ՝ գերեզմանոց, եւ սուլթանը մի հսկայական տարածք է նվիրում հայերին, որը դառնում է Սուրբ Հակոբ գերեզմանատուն:

Ովքե՞ր են զազաները,
նրանց ապստամբություններն
ու պայքարը՝ Սեւրի դաշնագրի իրագործման պահանջով

Զազաները 11-րդ դարի վերջերին Փոքր Հայքի Ծոփաց աշխարհ, Եկեղյաց գավառ՝ Երզնկա, Դերսիմի շրջան էին տեղափոխվել Կասպից ծովի հարավային շրջանի Դայլամ երկրից, հայոց հեթանոսական աստվածների սրբավայրերի ամենակենտրոնական հատվածներում են հաստատվել: Այդ տարածքներում էին ոչ միայն մեր հեթանոսական ժամանակաշրջանի սրբավայրերը, այլեւ այստեղ էին լայն տարածում գտել նաեւ թե Պավլիկյան եւ թեւ Թոնդրակյան աղանդավորական շարժումները, եւ պատահական չէ, որ մինչեւ օրս նույնիսկ հեթանոսական շրջանի հայկական ծեսերն ու հավատալիքները ապրում են զազա ժողովրդի մեջ: Զազաների մեջ շատ են դավանափոխ հայերը: Նախորդ դասախոսություններում արդեն խոսվել է 1921թ. Քոչգիրի ապստամբության մասին, որին մասնակցել էին տասնյակ հազարավոր մարդիկ, որից մի մասը՝ զազաների հետ այդ տարածքում ապրող հայերն էին, (1915թ. եղեռնից հետո զազա ընտանիքներում հայ ապրողներ կային): Ապստամբների հիմնական պահանջը Սեւրի դաշնագրի իրագործումն էր: Այն, ինչպես գիտենք, դաժանորեն ճնշվեց եւ պատճառ դարձավ հայերի կրկին անգամ տարագրվելուն: Հայերի մի մասը հաստատվեց Գամիրք, մի մասը սեւծովյան ծովափնյա քաղաքներ: Զազաների մյուս ապստամբությունը, որ առավել հայտնի է իբրեւ Շեյխ Սաիդի ապստամբություն, տեղի ունեցավ 1925 թ., ինչի կազմակերպման համար «մեղադրվեց» նաեւ Գեւորգ Հալաջյանը, ում կախաղանի դատապարտեցին (մանրամասները՝ «Առավոտի» 05.03. 2015թ.):

Առավել էական է 1937-1938թթ. Սեիդ Ռըզայի ապստամբություն անվամբ հայտնի Դերսիմի ցեղասպանությունը, որը նաեւ արեւմտահայության դեմ իրագործված 2-րդ ցեղասպանությունն էր: Ինչին դարձյալ նախապատրաստվել էին վաղօրոք՝ Աթաթուրքի որոշմամբ: 1936 թ. հատուկ առաքելությամբ Դերսիմ է ուղարկվում 50 հոգի, որոնք պետք է հայերին հայտնաբերեին (այս մասին վերջերս նրանցից պատկառելի տարիքի հասած 2 հոգի իրենց վկայություններն են բերել, որտեղ խոստովանում էին իրենց նման առաջարկ ստացած լինելը): Այս ապստամբությունը եւս դաժանորեն ճնշվում է, սպանվում է մոտ 80 հազար մարդ, այդ թվում՝ մեծ թվով հայեր: Տասնյակ հազարավոր մարդիկ աքսորվում են Թուրքիայի արեւմտյան մասերը (վերջիններս մինչեւ 1960-ականների սկիզբը վերադառնում են իրենց գյուղերը): Դերսիմում զազա առաջնորդների կարեւորագույն հավաքները տեղի էին ունենում իրենց կողմից եւս սրբավայր համարվող հայկական Հալվորի վանքում: Երբ փախուստի մեջ ձերբակալում են Սեիդ Ռըզային, նրա իրերի մեջ հայտնաբերում են հայերեն գրքեր: Կարդալ չիմացող Սեիդ Ռըզաին հարցնում են, թե ինչպե՞ս է կարողանում կարդալ դրանք, երբ տառաճանաչ չէ, նա հակադարձում է, որ դրանք իրենց սրբություններն են: Անգամ զազաների խոսակցականում պահպանվել է «մեր տան հայը» արտահայտությունը: Ապստամբների մասին թերթերում տպագրված նյութերում գրում էին՝ «Հայերը ցանկանում են նոր ապստամբություն հրահրել»: Զազաների կախաղան բարձրացված պաշտելի առաջնորդ Սեիդ Ռըզայի մասին բավականին տարածված մի կարծիք կա, ըստ որի՝ նրա նախնիները մեծ հավանականությամբ հայեր էին: Պետք է իմանալ նաեւ, որ Թուրքիայի Պատմության Հիմնարկի նախագահության տվյալների համաձայն՝ Դերսիմի շրջանում այսօր 100 հազարից ավելի ծագումով հայ է ապրում: Այսօր դերսիմահայությունը զարթոնք է ապրում, ունեն աշխարհի տարբեր մասերում հիմնված հայրենակցական միություններ, որոնք ակտիվորեն մասնակցում են Դերսիմի կյանքին ու հայրենի եզերքում տեղի ունեցող տոնակատարություններին, այցելում իրենց գերեզմանոցները, գյուղերն ու լքված տները, կիսավեր մատուռներն ու եկեղեցիները: Նրանք նախատեսում են եկող տարի Էրգանի եկեղեցու վերականգնման ծրագիրն իրականություն դարձնել: Ի դեպ, Դերսիմի ապստամբությունը ճնշվել է նաեւ օդային ռմբակոծությամբ եւ դա անողը Աթաթուրքի որդեգրած աղջիկը՝ հայուհի Սաբիհա Գյոքչեն, նույն ինքը՝ Խաթուն Սեբիլճյանն էր, ով համարվում է երկրի ռազմական առաջին կին օդաչուն: Ասում են, որ նրա հայ լինելն իր խմբագրած «Ակոս» շաբաթաթերթում բացահայտելու աններելի «մեղքի» պատճառով են Հրանտ Դինքին սպանել: Ինքը՝ Սաբիհան, իր հայ լինելու մասին երբեք չի բարձրաձայնել, չնայած որդեգրվելիս 5 կամ 7 տարեկան էր:

Ազգանուն ստեղծելու գործը՝ Թուրքիայում

Մինչեւ 1934թ. Թուրքիայում ընդունված չէր ազգանուն ունենալը եւ մարդկանց ազգանուն են պարտադրել հետեւյալ կերպ՝ նրանց առջեւ ազգանունների ցուցակ էր դրվում եւ պարտադրում կամայականորեն որեւէ ազգանուն ընտրել: Ազգանուն չուներ նաեւ Մուստաֆա Քեմալը, նա այդ խնդրով դիմեց Հակոբ Մարթայանին, վերջինս էլ առաջարկեց «Աթաթուրք»-ը, որը նշանակում էր «թուրքերի հայր», Աթաթուրքն էլ իր հերթին Հակոբ Մարթայանին անվանեց Դիլաչար՝ լեզու բացող: Հիշենք, որ Հակոբ Մարթայանը մեծ ներդրում ունի թուրք ժողովրդին կրթելու գործում:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930