Դերասանուհի Սաթիկ Հախնազարյանի ցանկությունն ու իրականությունը
Ճանաչված արվեստագետներ՝ դերասանուհի Սաթիկ Հախնազարյանը եւ ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը հրաժարվել են մասնակցել Մակեդոնիայի Բիտոլա քաղաքում ապրիլի 24-ին մեկնարկող մոնոներկայացումների միջազգային փառատոնին: Այս լուրը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ հաստատեց դերասանուհին, ընդամենը նշելով, որ հասկանալի պատճառով չեն ցանկանում բացակայել երկրից: Իմիջիայլոց, հրավիրված են հիշյալ փառատոնին՝ Ղազանչյանի ռեժիսուրայով բեմադրված Կարինե Խոդիկյանի «Խեղկատակ» մոնոներկայացմամբ (լուսանկարում):
Սաթիկ Հախնազարյանը կարիերան սկսել է 1987թ. «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում, 1996-ից աշխատանքի է անցել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, ընդամենը մեկ տարի անց հրավիրվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ ոչ ծավալուն դերով (Սպիտակ դիմակ) մասնակցելու հույն դրամատուրգ Արիստոփանեսի «Լիսիստրատե» ներկայացմանը: Եվ ինչպես ընդունված է ասել՝ եկավ, խաղաց ու մնաց: Արվեստագետը հիշեց, որ կոմեդիայի թատրոն գալով՝ չի կտրվել պատանիների թատրոնից, եղել է ամիս, երբ երկու թատրոնում խաղացել է 27 ներկայացում: Ավելին, օրը 4 ներկայացում՝ 2-ը՝ Պատանի հանդիսատեսում, 2-ը՝ Կոմեդիայում: Շուրջ երեք տասնամյակ բեմական-ստեղծագործական ուղի անցած Սաթիկ Հախնազարյանի հավաստիացմամբ՝ ինքը սիրում է բեմը, այլ ոչ թե իրեն բեմում…
Դերասանուհու հասցեին մասնագիտական շրջանակներում եւ հանդիսատեսի մոտ հետեւյալ միտքն է շրջանառվում. «Նա այնպիսի «զգեստ» է հագցնում իր կերպարին, որ առանձնանում է դերասանական անսամբլից ու դառնում պարզապես անշփոթելի»: Օրինակ, Կոմեդիայի թատրոնում տարիներ առաջ Հակոբ Ղազանչյանի բեմադրած Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման մեջ դերասանուհու մարմնավորած փնթփնթացող ծառան՝ Լուչիան ընդամենը մի քանի նախադասություն է արտաբերում, սակայն այնքան վառ ու տպավորիչ, որ արտիստի մուտքն ու ելքը բեմ մշտապես ուղեկցվում էին ծափահարություններով: Վերջերս էլ Սաթիկ Հախնազարյանը փայլեց «Ձեր Աստվածը փողն է…» (ըստ Սունդուկյանի «Էլի մեկ զոհի») ներկայացման մեջ Սալոմեի բարդ հոգեբանական դերակատարումով, ինչը նույնպես «վարձատրվում» էր հանդիսատեսի բուռն ծափողջույններով:
Կարդացեք նաև
Բազում կանանց կերպարներ կերտած դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ ընդհանրապես եւ մասնավորապես՝ ժամանակակից դրամատուրգիայում հայ կնոջ կերպարը իր սրտո՞վ է: Մեր զրուցակիցը օրինակ բերեց Սալոմեին. «Այդ կինը խորը ողբերգություն ապրող անձնավորություն է: Նա էլ իր տրամաբանության սահմաններում տեղավորվող ճշմարտությունն ունի, սիրում է իր աղջկան եւ ցանկանում, որ նա աղքատության մեջ չապրի: Սալոմեն շահամոլ չէ, հետեւաբար ցանկացել եմ նրան չներկայացնել իբրեւ դաժան կնոջ»: Վերադառնալով մեր օրերը՝ Սաթիկ Հախնազարյանն ասաց. «Հենց որեւէ կին հասկանա, թե կոնկրետ ինչ է ուզում, պարզապես կդադարի կին լինել»: Առիթն էլ բաց չթողնելով՝ նշեց. «Մայրը սրբություն է: Իմ համոզմամբ՝ ընդհանրապես հայ դրամատուրգիայում կնոջը մեծարելու պակաս ունենք: Բազմաթիվ տղամարդու կերպարներ կարող եմ բերել, որոնք բազմաշերտ են… խորը»: Սահուն անցում էլ կատարեց, ցանկանալով, որ «մեր երկիրն ունենա տղամարդուն վայել ուժ, կարողություն ու միաժամանակ՝ կնոջը հատուկ հմայք ու գրավչություն»:
Վերջին շրջանում Կոմեդիայի թատրոնում գլխավոր դերերում Սաթիկ Հախնազարյանի խաղացած եւ հանդիսատեսի մոտ տպավորված ներկայացումներից են Ժ. Անանյան՝ «Տեր, մի թող մեզ անտեր», Շիրվանզադե՝ «Մորգանի խնամին», Ա. Այվազյան՝ «Չարենցի ուղղիչ տունը», Պատրիկ՝ «Տարօրինակ միսիս Սեւիջ», Կոտոյան-Խուգաեւ՝ «Իմ զոքանչը», Շիրվանզադե՝ «Ազգային գործիչ»: Դերասանուհին ամուսնու՝ նույնպես ճանաչված արտիստ Արթուր Կարապետյանի հետ հանդես է եկել նույն ներկայացումներում, օրինակ՝ «Ամեն տարի նույն օրը» բեմադրությունում խաղացած Դորիսի կերպարի համար արվեստագետը 2007թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա մրցանակի՝ իբրեւ «Տարվա լավագույն դերասանուհի», իսկ անցյալ տարվա հոկտեմբերին մեծ ընդունելության արժանացավ ԱՄՆ-ում: Ի դեպ, Սաթիկը ոչ միայն Կոմեդիայի թատրոնի հետ է շրջել եվրոպաներում ու ամերիկաներում, այլեւ ամուսինները հատուկ հրավերներ են ստացել գաղթօջախներից: Եթե չենք սխալվում, 90-ականների կեսերին նրանք տեւական ժամանակահատված բեմ էին բարձրանում Կիլիկյան Հայաստանում՝ Քեսաբում եւ այլուր՝ Սիրիայի «Շրջուն» հայկական թատերախմբի հրավերով:
Դիտարկմանը, թե Սաթիկն ու Արթուրը զգացմունքային անձնավորություններ են ու բնականաբար, ամուսինների միջեւ էլ կլինեն ստեղծագործական տարաձայնություններ, մեր զրուցակիցը «եկավ» հեռվից. «Ես, ինչպես բոլորը, իդեալական չեմ, կարծում եմ, որ մարդը պետք է ընդունակ լինի հարկ եղած դեպքում ներողություն խնդրելու: Իսկ եթե, այնուամենայնիվ, տեսնում եմ, որ դիմացինս չի ընկալում ասածս, ես վերջակետ եմ դնում, ասելով՝ գուցե դուք իրավացի եք: Իրականում զիջողը մշտապես խելացի անձնավորությունն է: Պարոնյան թատրոն երբ եկա, սովորում էի մեծերից: Հիմա էլ սովորում եմ երիտասարդներից…»: Ինչ վերաբերում է ամուսնու հետ ստեղծագործական բանավեճերին, Սաթիկ Հախնազարյանն ասաց. «Որպես կանոն, ես եմ լռում, գիտակցելով, որ կինը պետք է լռի: Միշտ հիշում եմ տատիս խոսքերը՝ ընտանիքում մեկը պետք է լինի զանգակ, մյուսը՝ բամբակ…»:
2014թ. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկը», որն արժանացավ գլխավոր մրցանակի եւ Լուսինե Սարգսյանի «Շքամուտքը» (հատուկ մրցանակ) ֆիլմերում իր մասնակցությունն է բերել նաեւ Սաթենիկ Հախնազարյանը: Ֆիլմերի «մասով» էլ մեր զրուցակիցը նշեց, որ թեեւ դեռ պրոկատ դուրս չի եկել, սակայն բազում մրցանակներ են սպասում իր մասնակցությամբ՝ կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Սաթիկ Հախնազարյանն ամուսնու՝
Արթուր Կարապետյանի հետ:
«Առավոտ» օրաթերթ
07.03.2015
Շատեր կը կարծեն որ ԳՐԱՒՉՈՒԹԻՒՆ ըսելով պէտք է հասկնալ կապոյտ աչքեր-սլացիկ արտաքին-շէկ մազեր- — իրականին մէջ կինը ԳՐԱՒԻՉ է երբ իմացական -մտաւորական հարստութիւն ունի,քիչ մըն ալ մնացածներէն։ Կինը որքան ալ հրապուրիչ կարծուի արտաքին ստորոգելիներով -դիմացս չեմ առներ եւ խօսակցիլ հետը եթէ խօսակցութիւն մը չի կրնար յառաջ տանիլ։ Այդ պաշտօնը կը թողում գիշերային ակումբներ սլքտացող անձերու,որ մարախի նման նիւթէ նիւթ եւ անձէ անձ կը ձատկրտեն միայն ի սէր ժամավաճառութեան։