Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադահայ աշակերտներն արեւմտահայերեն առցանց նյութերի կարիք ունեն

Ապրիլ 08,2015 13:00

«Ալեք Մանուկյան» վարժարանի տնօրեն Շահե Թանաշյանը՝
վարժարանի ու հայկական համայնքի մասին

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում՝ ի թիվս այլոց, Հայաստանում էր ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի ատենապետ եւ Մոնրեալի «Ալեք Մանուկյան» վարժարանի տնօրեն Շահե Թանաշյանը (լուսանկարում): «Առավոտի» հետ զրույցում նա կարեւորեց ՀԲԸՄ ընդհանուր ժողովի՝ Հայաստանում անցկացվելը, ասաց, որ վերջին մի քանի օրերին ուրախ էր լինել Հայկական բարեգործական ընդհանուր միության մեծ ընտանիքի հետ: Պարոն Թանաշյանը նշեց, որ ժողովի ժամանակ բազմաթիվ նյութեր են ներկայացվել, իրենց հետաքրքրում էին մասնավորապես հարյուրամյակի միջոցառումները, որ կայանալու են Սփյուռքում եւ Հայաստանում եւ կրթական հարցերը: Մեր զրուցակցի խոսքով, տարբեր համայնքների հայրենակիցներով իրարից կկարողանան ինչ-որ բաներ սովորել, եւ որ ամենակարեւորն է՝ ցանց ստեղծել, որպեսզի միջհամայնքային կապերն ավելի զորավոր հիմքերի վրա լինեն:
Շահե Թանաշյանից հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց է «Ալեք Մանուկյան» վարժարանը հայթայթում կրթական նյութերը: Պարզվեց, որ այս հարցում բավականին դժվարություններ կան: «Գլխավոր դժվարությունը արեւմտահայերենի հարցն է, մենք ընդհանրապես մեր դասագիրքերը Լիբանանեն, Սուրիայեն կամ Կալիֆորնիայեն կբերենք, պետք է ասել, որ դասագիրքերը լավ որակի են, բայց պետք է մտածենք էլեկտրոնային գրքեր ստեղծելու մասին»,- ասաց վարժարանի տնօրենը:

Անդրադառնալով վերջերս Երեւանի քաղաքապետարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի համագործակցության շրջանակում տեղի ունեցած «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսին, Շահե Թանաշյանը ցանկություն հայտնեց, որ նման ձեռնարկները շատ լինեն: «Այսօր մեր գլխավոր մարտահրավերը արեւմտահայերեն գրականությունն է: Երբ աշակերտներն անգլերենով եւ ֆրանսերենով web-ի վրա ուսումնասիրություններ են անում, կարող են հազարներով նյութեր գտնել այդ լեզուներով, բայց արեւմտահայերենով գրեթե նյութ չկա: Հիմա արեւելահայերենով նյութեր են գտնում ու թարգմանում արեւմտահայերեն: Պետք է շատ ավելի նյութեր հայթայթենք էլեկտրոնային ձեւով, որովհետեւ աշակերտը միշտ չէ, որ ֆիզիկական գիրք կբանա, օնլայն կփնտրե իր տեղեկությունը»,- նշեց նա:

Շահե Թանաշյանից պարզեցինք, որ իրենց վարժարան է հաճախում 350 աշակերտ: Այն ամենօրյա վարժարան է, ունի մանկամասուր՝ 18 ամսականից մինչեւ չորս տարեկան երեխաների համար, 5-14 տարեկանները դպրոցի համակարգում են:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք Մոնրեալի պարագայում հայերը հակվա՞ծ են ազգային վարժարաններ տալ իրենց երեխաներին, Շահե Թանաշյանը պատասխանեց, որ գրեթե 30000-անոց համայնքն ունի 3 ամենօրյա վարժարան, ամեն օր գրեթե 1500 աշակերտ հաճախում է հայկական վարժարաններ: Կանադահայ գաղութը համեմատելով Ամերիկայի կամ Ֆրանսիայի հայկական համայնքների հետ, նա ասաց, որ Մոնրեալի պարագայում գաղութը հայախոս է, նաեւ համախմբված՝ մանավանդ 100-ամյակի սեմին:
Հավելենք, որ հայերը Կանադայում բնակություն են հաստատել 19-րդ դարի 80-ականներին: Ըստ որոշ տվյալների, Կանադայում բնակվում է շուրջ 82 000 հայ, որոնք կենտրոնացած են Մոնրեալում եւ Տորոնտոյում, հայեր կան նաեւ Վանկուվեր, Սենտ Կաթրինզ, Համիլտոն, Քվեբեկ-սիթի, Օտտավա, Վինձոր քաղաքներում:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930