Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամեն քացի տվող կարատեիստ չէ

Ապրիլ 08,2015 12:30

«Ավանդական ֆուդոկան կարատե դո»-ի Հայաստանի ներկայացուցիչները
Նեապոլում անցկացված Եվրոպայի 22-րդ առաջնությունում նվաճել են մեկ ոսկե,
երկուական արծաթե եւ բրոնզե մեդալ եւ մեկ գավաթ:

28 երկրների պայքարում Հայաստանը ներկայացված է եղել երեք հոգով ու բոլորն էլ բարձրացել են պատվո պատվանդան:

Մարզիչ (սենսեյ) Արծրուն Օհանյանը անհատական կումիտեում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, սակայն դեպի վերջնական հաղթանակ նրա ճանապարհը հեշտ չէր: Երկրորդ մարտում, որտեղ հայ մարզիկի մրցակիցը սերբ էր, Արծրունը դեմքին «վերահսկողությունից դուրս» կատարված ոտքի հուժկու հարված է ստացել, որից ճակատը պատռվել է: Անգամ մարտը դադարեցնելու վտանգ է եղել, սակայն մեր մարզիկի համառ պահանջով մարտը շարունակվել է, որում հաղթելուց հետո Արծրուն Օհանյանը հասել է եզրափակիչ ու առավելության հասել իր, թերեւս, ամենավտանգավոր մրցակցի՝ Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ: Ի դեպ, Արծրունը նրան արդեն մեկ անգամ հաղթել էր նաեւ անցած տարի Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակչում: Օհանյանը մեկ բրոնզ էլ նվաճել է ֆուկու գո մրցաձեւում: «Մեր մարզաձեւում ռումինացիներն են Եվրոպայում եղանակ ստեղծողները: Նրանք շատ ուժեղ են: Նեապոլում անցկացրած հինգ գոտեմարտերից երեքում հանդիպեցի նրանց հետ: Անչափ դժվար էր եզրափակիչը: Մրցակիցս շատ լավ էր պատրաստվել ու սպասում էր ինձ՝ անցած տարի կրած պարտության դիմաց «վրեժխնդիր» լինելու: Եվ դա նրան որոշ դրվագներում հաջողվում էր: Նա ֆիզիկապես շատ ամուր էր, տատամիում՝ արագ: Երկրորդ անգամ նրան հաղթել ինձ օգնեց փորձառությունս», – ասաց Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոնը:

Իտալիայում առաջին անգամ նման մակարդակի պաշտոնական մրցման մասնակցեցին նաեւ մեր երկու պատանիները՝ Հարություն Նիկողոսյանը եւ Արման Պետրոսյանը: Բայց դա նրանց չխանգարեց իրենց լավագույն որակներով դրսեւորել: Հանդես գալով 14-15 տարեկանների խմբում՝ Հարությունը կատայում գրավեց երրորդ տեղը, այնուհետեւ Արմանի հետ միասին, որը ներկայացնում էր 11-12 տարեկանների տարիքային խումբը, էմբու (պայմանավորված մարտ) ձեւում երկուսով կանգնեցին պատվո պատվանդանի արծաթե աստիճանին ու արժանացան նաեւ գավաթի:

Հայաստանի ավանդական ֆուդոկան դո կարատեի ֆեդերացիայի նախագահ, սեւ գոտի 8-րդ դան Կարեն Ավետիսյանը, որը ներկա է եղել Եվրոպայի առաջնությանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Արդյունքներից, բնականաբար, գոհ եմ: Որքան ժամանակ մենք մասնակցում ենք Եվրոպայի առաջնություններին, մշտապես մեդալներով ենք տուն վերադարձել: Ինչպես միշտ, այս անգամ էլ ոչ մի աջակցություն չստանալով՝ մենք մրցավայր գործուղել կարողացանք ընդամենը երեք մարզիկի եւ մեդալների թե որակը, թե քանակը պահպանեցինք: Բայց հիմա ուզում եմ անպայման պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանում գրանցված կարատեի բազմաթիվ դպրոցներից, որոնց մեծ մասը բացարձակապես կապ չունի արեւելյան այդ մարտարվեստի հետ, միայն «Ավանդական ֆուդոկան կարատե դո»-ի ներկայացուցիչն է պաշտոնապես Եվրոպայի չեմպիոն ճանաչվել: Սա շատ կարեւոր տեղեկատվություն է Հայաստանում կարատե մարտարվեստի դաշտը հստակեցնելու եւ մաքրելու համար: Բազմաթիվ դպրոցներ եւ ուղղություններ կոչվող այդ խմբերը, որտեղ որպես վարպետ ներկայացող մարզիչ կոչվածները նույնիսկ կարատեում գոյություն չունեցող 12-րդ կամ 14-րդ դան կոչում են սեփականաշնորհել, հեղինակազրկում են մարզաձեւը՝ իրական դաշտից տանելով պոտենցիալ լավ ու հեռանկարային երեխաների»:

Հարցին, թե ինչպե՞ս է մեզանում այդ դաշտն այդքան կեղտոտվել, Կարեն Ավետիսյանը պատասխանեց. «Հարցը պետք է ուղղվի այդ ֆեդերացիաները գրանցող կազմակերպությանը: Ես ընդամենը մեկ օրինակ բերեմ. եթե Եվրոպայի առաջնությունում մեր պատանի մարզիկներին առաջարկեին կատարել, ասենք, «մայա գերի չուդան» վարժությունը, նրանք կկատարեին, որովհետեւ մարզումների ժամանակ սովորել են թե վարժությունը, թե տերմինը: Բայց մեզանում մարզիչներ կան, որոնք այդ տերմին-վարժությունը կատարելու համար իրենց սաներին հուշում են՝ «քացով խփիր փորին»: Ամեն քացի տվողը կարատեիստ չէ: Ու ճիշտ է վարվում պետությունը արեւելյան մարտարվեստների հանդեպ որդեգրած վերաբերմունքով: Պարզապես, պետությունն էլ չպետք է թացը չորի հետ խառնի»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930