Հաճելի է, երբ մաքուր ու կոկիկ է այն մարդը, ում հետ շփվում ես` լինի կին, թե տղամարդ: Մի՞թե միայն կանայք պետք է հետեւեն իրենց արտաքին տեսքին եւ հիգիենայի կանոններին, հասկանալի է, որ ոչ: Լինի ամուսին, գործընկեր, փեսացու, պետ, խանութի վաճառող, թե վարորդ, պետք է մաքուր եւ կոկիկ լինել եւ ինչպես տղամարդկանց հաճելի չեն թափթփված կանայք, այնպես էլ կանանց են տհաճ այն տղամարդիկ, ովքեր չեն պահում հիգիենայի տարրական կանոնները: Պարտադիր չէ «խնամված տղամարդ» հասկացողությունը կապել այն մարդու հետ, որը սովորություն ունի հայելու առջեւ ավելի շատ ժամանակ անցկացնել:
Երբ տղամարդը հաճախ կոկիկ չի հագնվում եւ հաճելի չի բուրում, ու հանկարծ, մի օր հագնում է մաքուր վերնաշապիկ, մազերը կտրած, սափրված գնում է աշխատանքի, բոլորը զարմանում են այդ օրվա «զուգվել-զարդարվելուց»: Ոչ թե պետք է առիթների դեպքում այդպիսի տեսք ունենալ, այլ` միշտ, քանի որ հետեւելով արտաքինին, նախ մարդ հոգ է տանում իր առողջության մասին, բարձրացնում իր եւ շրջապատի կենսունակությունը: Ինքն իրեն հետեւելը, ուշադիր լինելը բոլորովին չի նշանակում՝ շարունակ հայելու մեջ նայել: Պետք է պարզապես կանոնավոր, ամեն օր կատարել որոշակի գործողություններ, որոնք վերջիվերջո կտան ցանկալի արդյունք: Եվ չարժե քողարկվել այն պատրվակի տակ, թե ժամանակ չկա իրեն հետեւելու:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
07.03.2015