Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հակոբյանից ցուցմունքներ ու արյան նմուշ վերցնելուց հետո նոր միայն թույլատրել են փաստաբան ունենալ

Ապրիլ 07,2015 22:44

«Հիմնադիր խորհրդարան»-ի Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Արամ Հակոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեում 2,5 ժամ շարունակ խոչընդոտել են, որպեսզի ինքը ներգրավվի որպես փաստաբան ու պաշտպանի Ա. Հակոբյանի շահերը: Փաստաբանը մեզ հետ զրույցում դժգոհեց՝ ասելով.

«Ժամը 18.00-ի սահմաններում մեր գրասենյակ էր դիմել Արամ Հակոբյանի դուստրը: Նա դիմում գրեց, որպեսզի ես ներգրավվեմ որպես փաստաբան: Ես 2,5 ժամ կանգնել եմ քննչական կոմիտեի շենքի դիմաց, սակայն դիմումը ձեռքս ներքևում կանգնել եմ, ինձ չէին թույլատրում ստանձնել Արամ Հակոբյանի պաշտպանական գործը: Ժամը 20.30-ին նոր միայն ինձ ներգրավվեցին որպես փաստաբան, ընդ որում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ կես ժամ շարունակ տևած միջնորդությունից հետո: Ես այնտեղ կանգնած ոստիկանին հարցնում եմ, թե ինչո՞ւ չեմ կարող ներգրավվել որպես փաստաբան, նա զանգահարում է պետի տեղակալ Գրիգորյանին ու ինձ ասում են՝ աշխատանքային ժամն ավարտված է, ոչինչ անել չենք կարող: Մինչդեռ «Քրեական դատավարության» օրենսգրքի համաձայն՝ գիշերվա ժամին անգամ կարող ես ընդգրկվել որպես փաստաբան:

Մի խոսքով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ նոր միայն ես ստանձնեցի Արամ Հակոբյանի փաստաբանի պարտականությունը, սակայն ինձ չթույլատրեցին պաշտպանական գործառույթ իրականացնել, չտրամադրեցին փաստաթղթերը՝ ասելով վաղն առավոտ արի: Այսինքն, այն երկուս ու կես ժամը, որ ես, Արամ Հակոբյանի դստեր դիմումը ձեռքիս, ներքևում սպասում էի, այդ ընթացքում խոչընդոտում էին ինձ, այդ նույն ժամանակ Արամ Հակոբյանի նկատմամբ ստորաբար քննչական գործողություններ են իրականացրել: Ինձ թույլատրեցին որպես փաստաբան ներգրավվել այն ժամանակ, երբ նրանից արդեն ցուցմունք էին վերցրել, կատարել էին անձնական զննության գործողություն, նրանից անգամ արյան նմուշ են վերցրել՝ չպարզաբանելով նրա իրավունքները: Արամ Հակոբյանի հետ ես հանդիպեցի միջանցքում, երկու բառ ենք փոխանակել: Արամ Հակոբյանը հայտարարեց, որ իրեն ժամը 3-ից բերել են Երևան՝ քննչական կոմիտե, ցուցմունք են վերցրել առանց փաստաբանի»:

Տիգրան Եգորյանն ասաց, որ Արամ Հակոբյանին տեղափոխեցին ձերբակալված անձանց պահպանման վայր:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից Aravot.am-ին փոխանցել էին, որ նա ձերբակալված է, գտնվում է Երևանում, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով զենք պատրաստելը: Նրա տան խուզարկության ժամանակ կտուրից նռնակ էին հայտնաբերել, որը, սակայն, հարազատների պնդմամբ, տեղադրել էին այնտեղ Արամ Հակոբյանի գլխին գործ սարքելու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930