Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Ապրիլի 5-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` փլուզումով, կա տուժած։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 6-րդ փողոցի 37/1 և 37/2 հասցեների առանձնատներում սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հետևանքով 2015 թվականի ապրիլի 5-ին տեղի է ունեցել գազի արտահոսք, որը հանգեցրել է պայթյունի։ Ստացած մարմնական վնասվածքներից տներից մեկի փաստացի բնակիչը մահացել է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, մատուցված ծառայությունների անվտանգության համար պատասխանատու անձանց շրջանակը։
ՀՀ քննչական կոմիտե