«Բոլորին ակնհայտ է, այն որ այս գործողությունը քաղաքական է»,- ապրիլի 7-ին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Հայկ Գրիգորյանը:
Նա ներկաներին հայտնեց, որ հարուցված քրեական գործը տեղի է ունեցել օրենքի խախտումով. «Սկզբից խուզարկության են ենթարկել բնակարանները, ոչ մի բան չեն հայտնաբերել, նրանց պահել են ոստիկանության համապատասխան մարմիններում շուրջ 3-4 ժամ, որից հետո ձերբակալության մասին որոշումներ են կայացրել՝ հիմքում դնելով քրեական օրենսգրքի 225 հոդվածը, այսինքն՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն: Այդ հոդվածի էությունը կայանում է նրանում, որ մի խումբ մարդիկ իբրեւ թե պատրաստվում են կազմակերպել զանգվածային անկարգություններ, մինչդեռ շարժումը բազմիցս հայտարարել է, որ նախապատրաստվող հանրահավաքը կրելու է խաղաղ բնույթ»:
Նրա խոսքերով՝ ռեժիմը սկզբից գործի է դրել քրեական տարրերին, բայց դրանից հետո շարժումն իր թափը չի կորցրել, ավելի է ծավալվել. «Տեսնելով, որ քրեական տարրերով այլեւս հարցերը չեն լուծվում՝ նրանք գործի են դրել ամբողջ իրավապահ համակարգը: Այդ շինծու քրեական գործի համար ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում են 28 քննիչներ՝ Հատուկ քննչական ծառայության ամբողջ կազմն է ընդգրկված, իսկ ինչպես գիտենք Բերձորի դեպքը հետաքննելու համար ոչ մի բան չարվեց, Պերմյակովի դեպքում ստեղծվեց քննչական խումբ, որը կազմված էր 4-5 հոգուց, իսկ այս դեպքում այսօրվա միջոցառումներից մոտավորապես երկու շաբաթ առաջ ստեղծել են 28 հոգանոց քննչական խումբ, որը աշխատել է այն ուղղությամբ, թե ինչպես սարքի շինծու քրեական գործ»:
Հայկ Գրիգորյանը հավելեց, որ խուզարկությունների ընթացքում որեւէ բան չի հայտնաբերվել, առգրավվել են պրիմիտիվ առարկաներ՝ թռուցիկներ, դրոշներ:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ