Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը շարունակում է մնալ «տղամարդու երկիր». Լիլիթ Պիպոյան

Ապրիլ 07,2015 20:50

Հայաստանում այսօր նշում ենք Մայրության և գեղեցկության տոնը: 1995 թվականից այն ներառվեց մեր ազգային տոնացույցում, և տարիներ շարունակ ապրիլի 7-ով ամփոփվում է կանանց միամսյակը:

«Այսօր հայ կինը ընտանիքի խնդիրների մեծ մասը վերցրել է իր ուսերին, աշխատում ու պահում է իր ընտանիքը, սակայն, զարմանալիորեն, ղեկավարող պաշտոնյաների 90%-ը շարունակում են մնալ տղամարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը։

Հայաստանը, նրա ձևակերպմամբ, շարունակում է մնալ «տղամարդու երկիր». «Երբ կինը մի օր որոշում է գործունեություն ծավալել, պաշտոնյա տղամարդը նրան չի վերաբերվում որպես հավասարի։ Թեև կինը գնալով հաստատվում է մեր հասարակության մեջ, սակայն այդ գործընթացը շատ դանդաղ է տեղի ունենում»,- կարծում է երգչուհին:

Բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր կանայք են ձգտում ղեկավար կամ պետական պաշտոնյա դառնալ: Նրանցից մեկն էլ երգչուհի Ալլա Լևոնյանն է. «Եթե ես ցանկանայի կամ պատրաստ լինեի, հնարավոր է, որ ես էլ հիմա խորհրդարանում լինեի: Բայց ես քաղաքականությունից այնքան չեմ հասկանում, որ կարողանամ դրա մեջ լինել»,- ասաց երգչուհին՝ նկատելով, որ տարիներ առաջ, երբ կանայք չէին աշխատում, բոլորը խոսում էին այդ խնդրի մասին, իսկ հիմա, երբ աշխատում են, բոլորն ասում են, որ նրանք բեռ են վերցրել իրենց ուսերին:

Ա. Լևոնյանի դիտարկմամբ՝ մեր հասարակության մեջ ինչ-որ խարխլված բան կա, բայց հայ կինը կարող է այնպես ինքնամոռաց նվիրվել ընտանիքին ու ամուսնուն, որ ընտանիքում խնդիրներ և ավելորդ խոսակցություններ չլինեն։ «Սրանով է հայ կինը տարբերվում աշխարհի մյուս կանանցից: Արտասահմանում, օրինակ, եթե տղամարդը բղավում է կնոջ վրա, դա կարող է ամուսնալուծության պատճառ դառնալ, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի տանն էլ նման խնդիր լինում է: Կինը պետք է կարողանա իր հնարամտության, խելքի շնորհիվ շրջանցել դրանք»,- կարծում է նա։

«Դարերի մեջ արժևորվել է ընտանիքը: Այդտեղից էլ ունենք ամուր դպրոց ու ամուր պետություն»,- հավելեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ դպրոցներում այսօր հիմնականում աշխատում են կին մանկավարժներ: 40 հազար ուսուցիչների ընդամենը 5%-ն են տղամարդիկ. «Ահա այստեղ կանայք են իրենց վրա վերցրել սերունդներին կրթելու ու դաստիարակելու դժվարին գործը։ Ծանր է ուսուցչի աշխատանքը, և հնարավոր չէ չտեսնել կանանց հզոր ուժը։ Դա գենային ժառանգություն է»,- ասաց Ն. Հովհաննիսյանը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930