Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ կուսակցությունները, այսպես թե այնպես, պետք է մասնակցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, և այս համատեքստում ՀՀԿ-ն աչքի ընկավ, որովհետև ամենամեծ և իշխող կուսակցությունն է. «Այդ կանայք ակցիայի մասնակից են դառնում, դրա համար էլ ժպիտներով գնում են, բայց նման դեպքեր, հավատացնում եմ, եզակի են լինում: Ես աշխատել եմ այդ տարածքում և շատ եմ տեսել մտահոգ մարդկանց, որոնք, անկախ օրից, գալիս են Ծիծեռնակաբերդ՝ ուղղակի խորհելու, ծաղիկ դնելու…»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Բայաթյանը:
Երգահանը կցանկանար, որ Ծիծեռնակաբերդը վերածննդի համալիր դառնար, ոչ թե ողբի, որովհետև մենք կարողացել ենք վերածնվել անգամ ցեղասպանության միջով անցնելուց հետո. «Ազգի իմաստության ու կոդի կրողը կարող է լինել ժողովրդի միայն 10 %-ը, իսկ մենք պատմության ընթացքում անընդհատ կորցրել ենք այդ կոդը կրողներին և այսօր ուրախ պետք է լինենք անգամ 3 % կոդակիրներ ունենալու համար»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին, նկարահանվող ֆիլմերին, գրվող երգերին, Ա. Բայաթյանը կարծում է, որ մարդիկ ուզում են այդ ամենին անպայման մասնակից լինել. «Նրանք ուզում են լավ բան անել, բայց, երևի թե, թեման մարսված չէ, որ ավելի հաճախ լավ չի ստացվում: Այն, որ մարդիկ անգամ Ցեղասպանության մասին թուրքական մեղեդիներով են երգում, ինձ չի զայրացնում, պարզապես, արյունս է բողոքում նման բաների դեմ: Ինչ արած, նրանց հոգին էլ այդպես է պոռթկում, և, միգուցե, նրանց արյան եռքը համապատասխանում է իրենց երգի ելևէջներին: Իսկ ինչ վերաբերում է լավ գաղափարներին, դրանք պետք է պետական հովանավորության արժանանան և առաջ գնան»,- կարծում է պարոն Բայաթյանը:
Անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի՝ ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու մտադրությանը՝ Ա. Բայաթյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության և զոհերի հիշատակի ոգեկոչման օրվան ոչ մի ավելորդ բան չպետք է խառնել. «Սա ոչ կոմունիստներինն է, ոչ հանրապետականներինը, ոչ էլ ազգայնականներինը. սա մեր ազգի ընդհանուր ողբերգությունն է, և ոչ միայն ողբերգություն է, այլև հանցագործություն մեր ազգի նկատմամբ, որը պետք է ստանա իրավական լուծում: Չպետք է ինչ-որ բանի «կպցնես», որ հաղթես: Այդպես չի լինում. հաղթում ես քո ստեղծած ծրագրով, ոչ թե ինչ-որ բանի «կպնելով»: Եթե առաջնայինը մեր պետությունը լիներ, հետո նոր անձնականը, շատ բան կշահեինք: Բայց, ցավոք, այդպես չէ»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ