ՀՀ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցությունը շարունակում է աշխատել և իր բնականոն գործունեությունը ծավալել կուսակցության ծրագրային դրույթներին համահունչ:
Սակայն ինչպես արդեն ավելի վաղ հայտնի էր, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ֆիքսած կետ ունի՝ ապրիլի 24, և միայն դրանից հետո գործողությունների տրամաբանական շարունակություն:
Եվ այժմ, օգտվելով այս հնարավորությունից, քանի որ մինչև ապրիլի 24-ը այլևս հնարավորություն չի լինի այս ամբիոնից հայտարարությամբ հանդես գալ, ցանկանում եմ կիսվել այս թեմայով իմ մտահոգությունների վերաբերյալ:
Այսօր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ընդունվեց հայտարարություն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Այս առիթով, պետք է փաստենք, որ կան բազմաթիվ հայեցակարգեր և հայտարարություններ, և չէի ցանկանա, որ այսօրվա հայտարարությունը դառնա ներքին սպառման մի փաստաթուղթ, որն իր սպառումը կարող է գտնել միայն հայաստանյան իրականության մեջ կամ միայն Սփյուռքում:
Այս ամենին վկայակոչելով՝ համապատասխան մարմիններին առաջարկում եմ ստեղծել մեխանիզմներ, որով կգնահատվի պետական և քաղաքական գործիչների՝ ի նպաստ ցեղասպանության ճանաչմանը ծավալած գործունեության արդյունավետությունը:
Եվ չմոռանանք, որ ապրիլի 24-ը մեզ համար մի կետ է, որից հետո այս բոլոր փաստաթղթերով և քաղաքական փորձառությամբ առավել պատրաստված պետք է շարունակենք մեր պայքարը:
ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան