ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը
Հարգելի գործընկերներ,
հավանաբար տեղյակ եք, թե ինչպիսի բողոքի ալիք է բարձրացել Մեծ Այրում և Ճոճկան համայնքների միջև գտնվող, շուրջ 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի վրա հերթական պոչամբարը կառուցելու ծրագրի դեմ:
Ախթալայի կոմբինատը գործում է տասնյակ տարիներ՝ սեփականատերերի համար ապահովելով հսկայածավալ եկամուտներ: Սակայն շահագործելուն զուգահեռ, այդ նույն սեփականատերերը հարկ չեն համարում պահպանել անվտանգության տարրական պայմանները, ինչի հետևանքով կուտակվել են տնտեսական, առողջապահական բնույթի լուրջ խնդիրներ, որոնց հետևանքների վերացումը պայմանավորված է անհամաչափ մեծ ծախսերով:
Կարդացեք նաև
Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ տարածքում 4-6 տարեկան երեխաների արյան մեջ կապարի քանակությունը ավելի քան 8 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը: Հայտնի է, որ օրգանիզմում կապարի ավելցուկը հանգեցնում է նյարդային համակարգի հետ կապված խնդիրների, ունի քաղցկեղածին հատկանիշներ: Դա հատկապես վտանգավոր է երեխաների և հղի կանանց համար, քանի որ նույն գիտական հետազոտությունների տվյալներով երեխաների մոտ այն հանգեցնում է մտավոր թերզարգացման և բազմաթիվ այլ առողջական խնդիրների, որոնց համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:
Ես բազմիցս հարցադրումներ եմ արել առողջապահության նախարարներին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե արդյո՞ք արվում են հետազոտություններ, պարզելու համար հանքարդյունաբերության ազդեցությունը հարակից համայնքներում բնակվող մարդկանց առողջության վրա: Բոլոր պատասխաններից հետևել է, որ պետական մակարդակով ոչ մի նմանատիպ հետազոտություն չի արվում:
Սա առավել քան տարօրինակ վարքագիծ է, քանի որ երկար տարիներ բնապահպանների կողմից այս հիմնահարցը բարձր մակարդակով և հիմնավորված կերպով ներկայացվել է: Սրանից բխում է հետևություն, որ պետական մարմինները շահագրգիռ են, որ իրական պատկերը չբացահայտվի:
Եթե չլինեին միջազգային գիտակրթական հաստատությունների կողմից արվող հետազոտությունները, ապա հարցերի պատասխաններն այդպես էլ կմնային սիրողական մակարդակի վրա: Սակայն բարեբախտաբար, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, կարելի է վստահաբար պնդել, որ Ախթալայի կոմբինատի գործունեության հետևանքով հարակից համայնքներում առաջանում են առողջապահական խնդիրներ, որոնց համար շահագործող ընկերությունը պետք է կրի լիարժեք իրավական պատասխանատվություն:
Այս տեմպերով և փնթի կերպով իրականացվող հանքարդյունաբերությունն արդեն իսկ դառնում է ազգի գենոֆոնդի պահպանման և առողջ սերունդ ունենալու հարցերում լուրջ վտանգ ներկայացնող գերխնդիր:
Հաշվի առնելով նաև առողջապահության նախարարության սուղ հնարավորությունները՝ նախարարին հորդորում եմ հետևողականորեն ուսումնասիրել գիտակրթական հաստատությունների հետազոտությունների արդյունքները և մշակել շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով մարդու առողջության վրա ազդեցության գնահատման պետական ռազմավարություն: