ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարությունը
Հարգելի´ գործընկերներ,
Ընդամենը մի քանի օրից` ապրիլի 24 -ին Երեւանում տեղի են ունենալու Հայոց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումները: Հարյուր տարի շարունակ այդ օրը մեր տոնացույցի ամենասուրբ օրերից մեկն է եղել, երբ յուրքանչուրիս սրտերը լի են եղել ցավով եւ աղոթքներով, իսկ մտքերը` լի արդարության վերականգնմանը հասնելուն ուղղված ծրագրերով:
Այս տարի, երբ մենք նշում ենք Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, ապրիլի 24 -ն առանձնահատուկ խորհուրդ է ունենալու: Այդ օրը համայն հայությունը` մեր բարեկամ երկրների եւ ժողովուրդների հետ միասին, սգալու եւ ոգեկոչելու է անմեղ զոհերի հիշատակը հարյուրերորդ անգամ: Ծիծեռնակաբերդում խոնարհվելով մեկուկես միլիոն նահատակների հիշատակի առջեւ` մենք ի ցույց ենք դնելու, որ հայ ժողովրդի վշտի հարյուր տարվա մենությունը ոչ միայն չի թեթեւացրել մեր ցավն ու թուլացրել մեր վճռականությունը` արդարության հաստատման համար մեր պայքարում, այլեւ հակառակը` ավելի է ամրացրել մեր ոգին եւ հաստատակամությունը` հաջորդող տարիների անդուլ պայքարի համար` ունենալով նաեւ մեզ բարեկամ երկրների ճանաչումն ու դատապարտումը:
Կարդացեք նաև
Այդ օրը ողջ աշխարհով մեկ իրականացվող սգո եւ ոգեկոչման միջոցառումներն ամեն գնով փորձում է խոչընդոտել միայն մեկ երկիր իր արբանյակ խանության Ադրբեջանի հետ: Այդ նպատակով թուրքական լոբբիի` աշխարհով մեկ տարվող հակաքարոզչությունը, կեղծ տարեթվերի եւ հիշատակումների ճղճիմ փորձերն ու արդեն բոլորի համար անտանելի դարձող երեսպաշտությունը, բնականաբար, մեզ համար զարմանալի չեն:
Սակայն մեզ համար զարմանալի եւ չափազանց ցավալի է այն, որ մեր երկրի ներսում եւս կա մարդկանց մի խումբ, որը հետապնդում է ճիշտ նույն նպատակները: Ես չեմ ուզում հավատալ, որ այդ մարդիկ թուրքական շահերի պաշտպանն են, թուրքական տրոյական ձին` մեր երկրի ներսում, բայց այն, որ Հայաստանի իշխանությունների հասցեին «հակառակորդ» բառը կիրառում են թուրքա-ադրբեջանական կիսալուսնի ծառաները եւ մարդկանց այդ խումբը, մտորելու տեղիք է տալիս: Ինչպես եւ այն հարցը, թե ով կուզենար, որ առաջիկա ապրիլի 24-ին, երբ համայն աշխարհի ուշադրությունը սեւեռված է լինելու Հայաստանի վրա, մեր երկրում տեղի ունենային ինչ-ինչ խառնակչական միջոցառումներ` անհնազանդության, հավաքների եւ այլ անհասկանալի դրսեւորումներով: Ինչն էր խանգարում, որ այս մարդիկ իշխանափոխության համար իրենց պայքարը սկսեին, օրինակ, մի քանի օր անց, եթե նրանց իրական նպատակը հենց դա է:
Կրկնում եմ. աշխարհում կա միայն մեկ երկիր` Թուրքիան, որը կերազեր Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման միջոցառումների օրը Հայաստանը տեսնել անկայուն, թույլ պետականություն եւ իշխանություններ ունեցող, իսկ հայ ժողովրդին` անմիաբան եւ պառակտված վիճակում: Եվ հիմա, փաստորեն, նրանք փորձում են իրականացնել թուրքական երազանքը: Միտումնավոր, թե ոչ` արդեն էական չէ:
Ամեն դեպքում` ես ուզում եմ խոսքս ավարտել` զսպվածության կոչ անելով ու հավատալով, որ կգիտակցեն առ այն, որ էլ երբեք 100-րդ տարելից և ապրիլի 24 չի կրկնվելու, իսկ պատմությունը մնալու է սերնդեսերունդ: