Ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որն անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո, ՀՀ սփյուռքի նախարարության, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցու, Հայ Ավետարանչական ընկերակցության, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի աջակցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց պատմական այն փաստը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո մի հարկի տակ հավաքվել են Հայ եկեղեցու բոլոր ուղղությունների ներկայացուցիչները: Նա, մասնավորապես նշեց. «Ամենայն հայոց ուխտատեղի դարձած Մայր Աթոռում պատմական և աննախադեպ իրողություն է, ինչպես 100 տարի առաջ համախումբ էին հայոց հոգևոր հայրերը՝ դիմակայելու ազգի գոյատևման վտանգին, այնպես էլ այսօր՝ ցեղասպանությունից 100 տարի հետո, Հայ դատի արդար լուծման ու հայության պահանջատիրության հարցում համախոհ է Հայ եկեղեցին: Այն դարեր ի վեր եղել է ազգապահպանման կարևոր գործոններից մեկը, հատկապես՝ հայ ժողովրդի պետականազուրկ գոյության ողջ ընթացքում վերածվել է հայապահպանության և ազգային ինքնության կերտման գլխավոր կենտրոնի: Հայ հոգևորականությունը մեր ժողովրդի համար օրհասական պահերին մշտապես նեցուկ է եղել նրան և այդ իմաստով բացառություն չէին նաև 1915-23 թթ. Հայոց Մեծ եղեռնի տարիները, երբ հայ հոգևորականները ամենադաժան և սարսափելի տանջանքների ենթարկվեցին: Սպանվեցին ավելի քան 4.000 հոգևոր ծառայողներ:
Ոչնչացվեցին քրիստոնեական մշակույթի կոթողներն ու հարստությունները, կրակի մատնվեցին շուրջ 2.000 եկեղեցիներ ու վանքեր։ Վերացան Կ. Պոլսի պատրիարքությունն ու Աղթամարի Կաթողիկոսությունը։ Թալանի ենթարկվեցին Արմաշի, Աղթամարի և Մուշի հայկական եկեղեցական կենտրոնները: Ոչնչացվեցին սբ. Առաքելի, սբ. Աստվածածնի, սբ. Սարգսի, սբ. Կարապետի վանքերի ձեռագրերն ու գրքերը: Միայն Դպրավանքի և Արմաշի ձեռագրերի պահոցներից ոչնչացվեց մոտավորապես 500 ձեռագիր: Արևմտյան Հայաստանի Հայոց եկեղեցիներից միայն որոշ մշակութային արժեքներ, ձեռագրեր և զարդեր փրկվեցին ու տեղափոխվեցին էջմիածին: Պետք է նշել նաև, որ վիթխարի է հայոց հոգևորականության դերը Ցեղասպանության հաջորդած տարիներին մազապուրծ հայ խլյակներին ի մի բերելու, հուսավառելու և ապրելու հավատն արմատավորելու, ծաղկուն և կենսահաստատ համայնքներ ու ազատ, անկախ Հայրենիք ստեղծելու գործում: Փառք և խոնարհում նրանց»:
Կարդացեք նաև
Շարունակելով իր խոսքը նախարար Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ պայքարը շարունակվելու է միասնաբար և համախմբված. «Այսօրվա հայը իր դատի, իր իրավունքների պահանջատերն է: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում, պահանջում ենք, որ այլևս ցեղասպանություններ չկրկնվեն»:
Ընթերցվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության ուղերձները:
Զեկուցումներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը («Հանուն հայության հոգևոր կենտրոնը 1914-1918 թթ.»), Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը («Սիրիայի հայ հոգևորականության առաքելությունը»), Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Բաբկեն Չարյանը («Հայ հոգևորականության տուրքը»), ԱՄՆ Կալիֆոռնիայի Նորթրիջ նահանգային համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի ղեկավար Դոկտոր Վահրամ Շեմմասյանը («Ցեղասպանության տարիներին Հայ Ավետարանական հոգևորականների դերը Սիրիա տարագրված հայերի փրկության գործում» և «Հալեպի Առաջնորդարանի մարդասիրական միջամտությունը Հայոց ցեղասպանության առաջին հանգրվանի ժամանակ»), ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտի աշխատակից Գոհար Խանումյանը («Ազգային խնամատարության որբահավաք գործունեությունը»), Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը («Վերապատվելի Ենովք Հատիտյանը՝ 1920-1940 թթ. լիբանանահայության կազմակերպման անխոնջ ռահվիրան»), «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը («Միջդավանական համագործակցությունը Լիբանանում և Սիրիրայում Հայոց ցեղասպանության տարիներին») և այլք: Տեղի ունեցավ արդյունավետ քննարկում, հարց ու պատասխան: Գիտաժողովում հնչած զեկուցումներն առաջիկայում կհրատարակվեն առանձին ժողովածուով:
Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
ՀՀ սփյուռքի նախարարություն