ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը
Մեծարգո՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ,
օրերս հանդիպել եմ «Հայփոստ» ՓԲԸ Լոռու տարածքային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր տեղեկացնում են, որ տարածքային կենտրոնը միանում Սպիտակ քաղաքի «Հայփոստ»-ի մասնաճյուղին. այս պահին 11 մարդ կրճատվում է աշխատանքից, բայց դա դեռ վերջը չէ: Նրանց խոսքով՝ միացումն ազդելու է նամակների, թերթերի, ծանրոցների առաքման և այլ ծառայությունների որակի վրա, առաջացնելու է տեխնիկական խնդիրներ, բայց հարցը միայն սա էլ չէ: Մարզի բնակչության 1/3-ը կենտրոնացած է Վանաձորում: Ծառայություններն, այսպիսով` մատուցվելու են ուշացած, դրանցից օգտվելը դառնալու է ավելի դժվար ու պակաս մատչելի:
«Հայփոստ»-ի այս դեպքը նաև առիթ է անդրադառնալու մինչ օրս տեղի ունեցած նման «օպտիմալացումներին». բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ, սեփականաշնորհելով կամ կառավարման վերցնելով հայկական ընկերությունները, սեփականաշնորհման կամ կառավարման վերցնելու ժամանակ ստանձնած իրենց պարտավորությունները ոչ պատշաճ են կատարում, որի արդյունքում առանց որևէ կերպ մտահոգվելու հարյուրավոր անձանց կրճատում են՝ իբր օպտիմալացման նպատակով՝ բարձրացնելու համար մյուսների աշխատավարձերը, իրականում ստրկացուցիչ պայմաններում աշխատացնում մեր քաղաքացիներին, իրենց համար ապահովում գերշահույթ ու չեն կատարում խոստացված ներդրումներն ու բարելավումները: Այսպիսով` տուժում են պետությունն ու քաղաքացիները:
Կարդացեք նաև
Նույն մեթոդաբանությամբ սկզբից «ԱրմենԹել», այժմ՝ «Բիլայն» ընկերությունը զանգվածային կրճատումներ իրականացրեց կազմակերպությունում, որոշ տեղերում աշխատողների թվաքանակը 500-ից դարձնելով 50, սակայն դեռևս վճարում է խղճուկ աշխատավարձեր:
Ես դատապարտում եմ նման գործելաոճը տվյալ դեպքում «Հայփոստ»-ի գործելաոճը, որը կառավարման է ընդունել Հայփոստը և այսօր նման կերպ է վարվում իր աշխատողների հետ: Ընդ որում, մեծամասամբ կրճատումներն իրականացվում են մարզերում, որտեղ աղքատության ու գործազրկության իրական տոկոսը բազմապատիկ անգամ անցնում է բոլոր թույլատրելի սահմանները:
Կոչ եմ անում ՀՀ կառավարությանը ուշադրություն դարձնել այս խնդրին և թույլ չտալ այդ ընկերություններին նման կերպ վարվել մեր քաղաքացիների և պետության հետ: