Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ընտանիքներով, այլ ոչ թե կուսակցություններով». Ռուբեն Բաբայան

Ապրիլ 07,2015 17:57

«Մենք միշտ փորձում ենք Ցեղասպանության հետևանքները վերացնել: Մինչդեռ, առաջին հերթին, պետք է պատճառները վեր հանել ու վերացնել,- համոզված է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը.- Ցեղասպանությունը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. պատերազմը թույլ է տալիս ցեղասպանություն անել: Այսօր, ցավոք, մենք Արևմտյան Հայաստանի մասին միայն այն գիտենք, որ այնտեղ ցեղասպանվել ենք, իսկ թե ինչեր ենք ստեղծել, ունեցել, դրա մասին տեղյակ չենք կամ չենք հիշում: Ի վերջո, մենք չենք կարողանում կողմնորոշվել, թե որն էր մեր ամենամեծ կորուստը՝ հողե՞րը, մշակութային կոթողնե՞րը, ունեցվա՞ծքը, թե՞ այլ բան: Մեր ամենամեծ կորուստն իրականում մեր հոգեբանության շեղումն էր, և սա չի բաժանվում սփյուռքահայի, տեղի հայի. մենք առողջանալու խնդիր ունենք: Նույնիսկ ղարաբաղյան հաղթանակը չկարողացանք լիովին մարսել ցեղասպանվածի բարդույթի պատճառով»:

Ռ. Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեց, որ իր երիտասարդության տարիներին ապրիլի 24-ը միակ օրն էր, որ, թեև հրահանգ չկար, բայց միասնական երթ կար դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Դրա պատճառն այն էր, որ մենք ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու համար էինք գնում Ծիծեռնակաբերդ, այլև միասնականություն էինք զգում,- ընդգծեց Ռ. Բաբայանը.- իսկ այսօ՞ր: Ինչի՞ համար ենք մենք այսօր գնում Ծիծեռնակաբերդ՝ միմյանց թև ու թիկունք լինելո՞ւ, թե՞ միասին լացելու համար»:

Ռ. Բաբայանի դիտարկմամբ՝ մենք շատ բաների միջոցառման բնույթ ենք տալիս, և ցավալին այն է, որ ապրիլի 24-ն էլ է դարձել միջոցառում: Նաև այս պատճառով է, որ նա այնքան մեծ ուշադրություն չի դարձնում ՀՀԿ կանանց ժպիտներին և պահվածքին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ. «Նման բաներն սպասելի են, որովհետև այն, ինչը պետք է գա հոգու խորքից, ինչը պետք է գա քեզ հնարավորություն տալու, որ տարվա մեջ գոնե մեկ օր կենտրոնանաս, գնահատես անցյալդ, ներկադ, ապագադ, դառնում է պարզապես միջոցառում, այդ դեպքում միջոցառման մասնակցելն ավելի կարևոր է դառնում, քան այն, թե հանուն ինչի է այդ միջոցառումն արվում: Եվ մարդիկ, գալով միջոցառում, ուրախանում են, որ իրենց հրավիրել են, ուրախանում են, որ իրենք մասնակցում են և այլն, և այլն: Ժպիտները սրա արդյունքն են, այլ ոչ թե նրա, որ գնացել են Ծիծեռնակաբերդ: Այնպես որ, ինչքան նման երևույթներին միջոցառման բնույթ տանք, այնքան շատ կունենանք նման արդյունք…

Ես կարծում եմ, որ Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ընտանիքներով, այլ ոչ թե նախարարություններով կամ կուսակցություններով, քանի որ ազգի միակ շարունակական ուժը ընտանիքն է, և ընտանիքով է, որ մենք թույլ չտվեցինք թշնամուն վերացնել հայ ազգը»,- շեշտեց Ռ. Բաբայանը՝ նշելով, որ ինքն անձամբ վերջին յոթ տարիներին ոչ թե ապրիլի 24-ին է գնում Ծիեռնակաբերդ, այլ ապրիլի 23-ին և գնում է ընտանիքի հետ. «Ինձ համար անընդունելի է այն խոզությունը, որ երբեմն տեսնում եմ ապրիլի 24-ին»,- ասում է նա:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին, նկարահանվող ֆիլմերին, գրվող երգերին՝ Ռ. Բաբայանը նշեց, որ մենք, ամեն դեպքում, մնացել ենք Խորհրդային Միությունում. «Այսպիսի լավ մտքեր կան՝ ուզում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ, կամ՝ ուզում ենք նոր կուսակցություն ստեղծել, բայց կոմունիստական է ստացվում… Մարդկանց հրահանգ է իջել, որ պետք է պատրաստվեն, մարդիկ էլ պատրաստվում են: Բացի այդ, ունենք «մտավորականների» հսկա բանակ, որոնց սկզբունքը «միշտ պատրաստ»-ն է»,- ասաց պարոն Բաբայանը:

Ինչ վերաբերում է Հիմնադիր խորհրդարանի՝ ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու մտադրությանը, Ռ. Բաբայանը կարծում է, որ եթե ինչ-որ մեկի կամ կառույցի գաղափարների հետևից մարդիկ գնալու լինեն, կգնան նաև այլ օր. «Բայց երբ դու օգտագործում ես պահը, երբ մարդիկ հավաքված կլինեն, դա ինձ համար անընդունելի է: Այստեղ ամենացավալին այն է, որ ապրիլի 24-ը երկու կողմերն էլ ընկալում են իբրև միջոցառում՝ յուրաքանչյուրն իր նպատակին հասնելու համար»,- հավելեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930