2015 թ. ապրիլի 7-ի առավոտյան ժամը 06:30-ից Երեւանում, Գյումրիում, Վանաձորում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ քննչական կոմիտեն սկսել են իրականացնել խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարան քաղաքացիական շարժման անդամների եւ համակարգողների բնակարաններում ու գրասենյակներում, ապա ձերբակալել են նրանց, առգրավելով հաղորդակցության միջոցներ, համակարգիչներ եւ փաստաթղթեր:
Խուզարկությունների եւ ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես` փաստաբան ունենալու իրավունքը: Գրեթե բոլոր դեպքերում խուզարկությունները եւ բերման ենթարկումները ուղեկցվել են ուժի ակնհայտ եւ անհարկի ցուցադրմամբ: Մասնավորաբար, Հիմնադիր Խորհրդարանի անդամների բնակարանների խուզարկումներին մասնակցել են ոստիկանության 15-20-ական աշխատակից, Գյումրիում ՄԻ պաշտպանի ներկայացուցչին եւ համակարգողի փաստաբանին հնարավորություն չեն տվել ծանոթանալու խուզարկության հիմքերին:
Ապրիլի 7-ի ժամը 13-ի դրությամբ ձերբակալվել են կամ հարկադիր անազատության մեջ են եղել Ժիրայր Սեֆիլյանը, նրա եղբայր Թորոս Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Արամ Հակոբյանը, Հովհաննես Ղազարյանը:
Դրանից հետո ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, իբր, կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Այս հայտարարությունը որեւէ հավատ չի ներշնչում, որովհետեւ առանց հետաքննության հանցանք է վերագրվում հասարակական գործիչներին եւ ակնհայտորեն խախտում է անմեղության կանխավարկածը:
ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումները գնահատում ենք որպես դիտավորյալ եւ պլանավորված ապօրինություններ` ուղղված ՀՀ քաղաքացիների դեմ, որով փորձում են հերթական անգամ ճնշել եւ սահմանափակել ազատ արտահայտման, միավորումներ կազմելու եւ խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը:
Մենք ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները համարում ենք ահաբեկչության արտահայտման ազատության դեմ, այս զանգվածային խուզարկությունները եւ ձերբակալությունները հակասահմանադրական են եւ ըստ էության քաղաքական հետապնդումներ: Այս ապօրինությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրի ՀՀ պետական իշխանությունը:
Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտե
Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Սեյրան Մարտիրոսյան, «Խորան Արդ» ՀԿ
Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն