Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել վերելակների շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և կատարված աշխատանքների հաշվետվություններն ու, ինչպես նաև այդ միջոցների նպատակային օգտագործումը:
«Բոլորն էլ գիտեն, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, ինչպես օրինակ մուտքերը և տանիքները, այնպես էլ վերելակները շենքի բնակիչների բաժնային սեփականությունն են, և դրանց նորոգման կամ այլ խնդիրների հետ կապված հարցերի լուծումը բնակիչների պարտականությունն է: Սակայն բազմիցս եմ նշել, որ այս ուղղությամբ մեր որդեգրած քաղաքականությամբ ամեն տարի համայնքային բյուջեից միջոցներ են հատկացվում բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում վերելակների պահպանման համար: Ուստի ստեղծեք աշխատանքային խումբ և կարճ ժամկետում ուսումնասիրեք, թե որքանով են նպատակային օգտագործվել վերելակների պահպանման և շահագործման համար 2013, 2014 թվականների ընթացքում տրամադրված, ինչպես նաև համատիրությունների կողմից գանձված գումարները և ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: Ընթացիկ աշխատանքներից բացի, ստուգեք նաև համատիրությունների կողմից այս ուղղությամբ իրականացվող տարեկան ծրագրերը: Սա պետք է լինի ամենօրյա աշխատանք: Խստորեն հետևեք, որպեսզի այն գումարները, որոնք նախատեսված են վերելակների համար, ծախսվեն բացառապես իրենց նպատակին, և առաջնահերթ հիմնանորոգման ծրագրում ընդգրկվեն հրատապ լուծում պահանջող վերելակները»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն