Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման աշխատանքները: Ընթացքի մեջ է ծառերի ձևավորումն ու սիզամարգերի ցանքսը: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է նաև, որ մեկնարկում են ծառերի կրապատման և խոտհնձի աշխատանքները: Խոտհունձի հետ կապված հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև տնտեսվարողներին:
Ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Զեկուցվել է, որ հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ և պարագաներ: Բացի այդ, քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում շաբաթօրյակի նպատակով շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրվել է 59 միավոր տեխնիկա:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս իրազեկել և ապահովել համաքաղաքային ծրագրին քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև համատիրությունների և բնակիչների ակտիվ մասնակցությունը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն