Հնարավորություն կա՞ սակագինը թեկուզ մի փոքր իջեցնելու: Ինչի՞ հաշվին է կրկնակի իջել գազամատակարարման համակարգի կարողությունը կամ թողունակությունը: Այսօր գազի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին այս հարցերն ուղղեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Որպեսզի կարողանանք թողունակությունը բարձրացնենք, ներդրում պետք է կատարվի, ներդրում էլ կատարեցինք սակագնի վրա է ազդեցություն ունենալու»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ հարց ուղղեց եւ խնդրեց կոնկրետ հոդվածներ նշել. «Առնվազն վստահ եմ, որ հանձնաժողովի կոնկրետ ուսումնասիրություններ կատարելուց պետք է անդրադարձ կատարած լինեք, թե ՀՀ ո՞ր օրենսդրության համաձայն է, որով մի քանի բաժնետեր ունեցող ձեռնարկության միայն մի բաժնետերն է պարտավոր հատուցել ձեռնարկության կողմից կուտակված վնասների փոխհատուցումը: Եվ երկրորդ՝ համաձայն ո՞ր օրենսդրության եւ ո՞ր կոնկրետ հոդվածի ՀՀ վարչապետի նամակը հանդիսանում է ֆինանսական երաշխիք, կամ ո՞ր հոդվածի համաձայն ՀՀ վարչապետի նամակը կարող է հիմք հանդիսանալ որեւէ ապրանքի սակագնի հաշվարկման համար»:
Վարդան Այվազյանը օրենքների իմացության քննությունը չհանձնեց. «Լավ է ինձ հարց չտվեցիք, թե քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածում որ հոդվածն է գրված: Կներեք, ՀՀ-ում մոտավորապես 8000-9000 օրենք ունի, չեմ կարող հոդվածն անգիր ասել: ՀՀ-ի 20 տոկոս բաժնետոմսերի տրամադրումը եւ վաճառքն ամբողջական օրինական է: Հետո հոդված առ հոդված խոսք եմ տալիս ասել»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է վարչապետի նամակին, ըստ Վարդան Այվազյանի, վարչապետը երկրի տնտեսական աճի, երկի տնտեսական խնդիրների համար պատասխանատվություն ունի՞, թե՞ չունի. «Բարոյական կողմը թողնենք: Երբ գազի գին է բարձրացվել, որը կարող էր բերել սոցիալ-տնտեսական խնդիրների, վարչապետը դիմել է, ասել է ձեռնպահ մնա, որովհետեւ մենք բանակցությունների գործընթացի մեջ ենք Գազպրոմի եւ համապատասխան երկրի հետ: Տեղի Գազպրոմն էլ է ձեռնպահ մնացել, որովհետեւ բանակցություններ էին: Կուտակված պարտքի վրա էլ տոկոս չի եկել: Այդ ամեն ինչը կլիներ ոչինչ, եթե ԱԺ-ում չբերեին չվավերացնեին: Իրենք այդքան ժամանակ ձեռնպահ են մնացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ