Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Իշխանությունները սա ծրագրել էին վաղուց»

Ապրիլ 07,2015 16:31

Այսօր լուսադեմից սկսած շարունակվում են Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարանների, գրասենյակների խուզարկություններն ու ձերբակալությունները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բերման են ենթարկել Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սեֆիլյանին, Պավել Մանուկյանին եւ Գարեգին Չուգասզյանին։

Հիմնադիր խորհրդարանի անդամները կատարվածը համարում են  քաղաքական հետապնդում, կարծիքներ կան, որ այս ամենը իշխանությունները ծրագրել են, որպեսզի խափանեն «Հարյուրամյակն առանց ռեժիմի շարժման»` ապրիլի 24-ին նախաձեռնած միջոցառումները:

Նշենք, որ բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել քրեական գործի շրջանակներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Հիմնադիր խորհրդարանի անդամներից Վարդան Հակոբյանը տեղի ունեցածը համեմատել է 2008թ. փետրվարի 28-ի հետ, երբ նման քաղաքական հետապնդումներ եւ ոտնձգություններ էին սկսվել ՀԱԿ անդամների նկատմամբ ու հավելել. «Եթե հիշում եք՝ պատասխանը չուշացավ եւ տեղի ունեցավ մարտի 1-ը»:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում խուզարկությունները բնորոշվել են այսպես. «Կանխվել է ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը»:

Aravot.am-ը Իրավունքի և ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց՝ իրավաչա՞փ են իրավապահների գործողությունները, մանավանդ, որ Նախախորհրդարանի անդամները անկարգություններ կազմակերպելու մասին կոչեր չեն հնչեցրել: Նա պատասխանեց. «Կարծում եմ, որ այն, ինչ իրականացնում են ՀՀ իշխանությունները, առաջին հայացքից կարելի է համարել քաղաքական հետապնդում, քանի որ Հիմնադիր խորհրդարանի անունից մինչև այսօր եղած բոլոր գործողությունները եղել են հրապարակային և երբևէ չեն հնչել անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության մասին հայտարարություններ: Ուստի այդ խուզարկությունները և ձերբակալությունները ավելի շատ քաղաքական նկատառումներ են հետապնդում, և ժամանակը դեռ ցույց կտա, և հետագայում գուցե հնարավոր կլինի հայտարարել, որ դրանք քաղաքական հետապնդումներ են»:

Մեր դիտարկմանը, հնարավո՞ր է իշխանությունները օգտագործեն այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանը չի բացառել, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները դիմեն բռնի գործողությունների, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Հնարավոր է, եթե եղել է նման բան: Հնարավոր է համատեքստից կտրված նման բան հնչած լինի, բայց ինքս նման բան չեմ լսել: Իմ լսած հայտարարություններից որևէ մեկում չի եղել բռնի գործողությունների մասին հայտարարություն»:

Պարոն Հարությունյանը նշեց, որ այն, որ խուզարկություններն իրականացվում են հանրապետության ողջ տարածքում և դրանք կրում են մասսայական բնույթ, նշանակում է, որ իշխանությունները դա ծրագրել են վաղուց և այսօր ի կատար են ածում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Զուտ սկզբունքների հիման վրայ, իշխանության ձեռնարկած գործողությունները կարող են լինել անշուշտ վիճելի: Սակայն հայության լայն մեծամասնության համար, այս յատուկ խնդրում՝ կա նաեւ «երկու չարյաց փոքրագոյնը» ըմբռնողությունը… Իսկ ձերբակալումները նաեւ նպաստում են ձերբակալվողների անձնական անվտանգության, մարմնային պաշտպանության… Ամեն դեպքում, կատարվածը՝ այս խմբակի պարագլուխների ճիշտ ուզածը, ուղղակի ցանկացածն է… Նամանաւանդ որ, ոչ մի տրամաբանական կամ արդիւնաբեր տեղ չէր գնում իրենց անհեթեթ ընթացքը, եւ թէ որ շարունակվեր՝ պարզապես խայտառակվելու էին… Մինչ հիմա որ ձերբակալվել են, կարող են ասել՝ անկասկած որ հասնելու էինք մեր յայտնած նպատակին, սակայն ահա, վերջին պահին, թող չտվեցին որ մեր ծրագիրը իրականացնենք…Իսկ նաեւ, կարող են հպարտանալ եւ միմյանց շնորհաւորել՝ արդեն իրենց յաջողվեց խափանել, խեղաթիւրել Մեծ Եղեռնի Հարիւրամյակը: Ապրիլը սկսվեց , իրենց աղմուկով, իրարանցումով… Մի բան (եւս) կոտրվեց հայերի սրտերում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930