Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմը» նկարներ ու բույսեր է գնել՝ հայ սպառողների հաշվին. Փաշինյանը բողոքում է

Ապրիլ 07,2015 16:13

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր գազի հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, «Զեկույցից իմանում ենք, որ օրինակ, նկարներ կան, տարբեր բույսեր կան, որոնց արժեքը սակագնի մեջ հաշվարկված է: Այստեղ խնդիրն այն չի, որ որեւէ ձեռնարկություն չի կարող իր հիմնարկի համար նկար առնել: Բայց կարող է ընկերությունը ուզում է իր միջանցքում Վան Գոգի կամ Պիկասոյի նկարը կախած լինի: Սա չի նշանակում, որ սպառողը պետք է դրա համար վճարի: Կարող է դեկորատիվ բույսեր են բերում, որոնց արժեքը հսկայական է:

Վարդան Այվազյանը պատասխանեց, որ այդ նկարները էական չեն սակագնի մեջ. «Մենք մանրամասն նայել ենք,նայել ենք նույն Մարիոթ Արմենիայի հետ կապված խնդիրը: Ինքը որեւէ մեծ ծախս չի արել, նայել ենք մենք»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց. «Դուք 2014-ի միջանկյալ զեկույցում նշել էիք, որ դեռ պետք է հիմնավորվի Գազպրոմ Արմենիայի աշխատողների 1000 հոգով ավելացումը եւ 109 հազարով միջին աշխատավարձի բարձրացումը: Հիմա դուք ասում եք՝ ի՞նչ ա, իրենց աշխատավարձն ինչքան ուզեն՝ կտան: Բա եթե ինչքան ուզեն կտան, այն ժամանակ ինչի՞ էիք գրել, որ դեռ պետք է հիմնավորեն, մի հատ էլ կասկած էիք արտահայտել: Որեւէ կերպ չե՞ք հիմնավորել այս զեկույցում, մյուս կողմից էլ բանավոր հարցերին ասում եք՝ իրենց գործն է»:

Վարդան Այվազյանն էլ պատասխանեց. «Աշխատողների թվաքանակի բարձրացման հիմնական խնդիրը գազամատակարարման սպառողների ավելացման զուգընթաց է գնացել: Որովհետեւ նոր գազամատակարարման համակարգի հետ կապված նոր աշխատողներ են պետք եղել: Աշխատավարձի հետ կապված որեւիցե լծակ մենք չունենք: Չկա մի տենց բանաձեւ, սահմանափակում, որ ասենք՝ գրեք՝ մինիմալ աշխատավարձի եռապատիկը, կամ ՀՀ միջին աշխատավարձի կրկնապատիկը, 227 հազար դրամ է: Հիմա դա շատ է, թե քիչ՝ գնահատականը դուք դրեք: Բերեք օրենքով, պլանկա սահմանեք: Օրենքով հանձնաժողովին կարող ենք իրավասություն տալ, որ ինքը հստակ սահմանի, որ մենաշնորհային ոլորտներում չի կարող աշխատավարձը այդքան բարձր լինի»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հարց ուղղեց իրանական գազի հետ կապված. «Զեկույցում նշված է, որ իրանական գազի արդյունահանման ինքնարժեքը աշխարհում ամենանվազագույններից է, 15 տոկոսով ցածր է, քան ռուսականը: Բա ինչի՞ ենք մենք ՌԴ-ից բերում, ինչի՞ ներքին սպառման համար չենք բերում Իրանից: Հետո, ես զեկույցից տպավորություն ստացա, որ մենք չենք կարող երաշխավորել, որ գազային հաշվիչները ճիշտ են հաշվարկում մարդկանց մատակարարվող գազի ծավալները: Դուք էլ ընդունեցիք, որ մենք չգիտենք ՝մեր տներում քանի կկալ գազ է հասնում: Մենք վերահսկման մեխանիզմ չունենք»:

Վարդան Այվազյանն էլ պատասխանեց, որ Իրանը ՀՀ-ին որեւէ անգամ չի առաջարկել 189 դոլարից ցածր գին: Նախկինում էլ իրանական գազը, որ մենք արել ենք երկուստեք պայմանավորվածության հիման վրա է՝ հարեւաններին հաշվի առնելով, որ մենք կատարենք բարտեր՝ փոխանակում:

Ինչ վերաբերում է հաշվիչներին, դրանք ստուգաչափվում են: Մենք ասում ենք՝ ինչի՞ են 2-3 կազմակերպություններ անում, թող ազատականացվի, ազգային ինստիտուտն էլ դառնա վերահսկող:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930