Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորն իրավապահների գործողությունների համար ազդակ տեսնում է

Ապրիլ 07,2015 15:54

«Դեռեւս վաղ է որեւէ գնահատական տալը, բայց այն, ինչ արտաքուստ երեւում էր եւ բոլորին տեսանելի էր`այն անհնազանդության կոչերը, որ չվճարեք գազի գումարները, հարկերը, երեք օրվա սնունդ վերցնել եւ ապրիլի 24-ի, երեկոյան վեցից հետո գալ նստել ու անհնազանդության դրսեւորումներ ցուցաբերել, առնվազն պետք է ազդակ լինեին, որ իրավապահ համակարգը որոշակի կանխարգելիչ գործողություններ իրականացներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն`անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների տներում, կազմակերպության գրասենյակներում այսօր առավոտյան իրականացված խուզարկություններին եւ ձերբակալություններին:

Մեր զրուցակիցը էական է համարում այն, որ ինչ- որ կատարվել է կամ պետք է կատարվի`լինի բացառապես օրենքի շրջանակներում: Այս պահին նա ձեռնպահ է մնում հստակ եւ ամբողջական գնահատականներ հնչեցնել, բայց մամուլի հրապարակումներից եւ գործընթացի վերլուծությունից հասկացել է, որ իրավապահներն ընդամենն օպերատիվ գործողություններ են իրականացրել: Նա նկատեց, որ ԱԱԾ-ն էլ, Քննչական կոմիտեն էլ մշտապես զսպվածության կոչեր են արել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, հատկապես համակարգողներին, որ ապրիլի 24-ի միջոցառումները չստվերվեն ու այդ օրը մեկ խորհուրդ ունենա`ազգովին համախմբվել Ցեղասպանությունը ճանաչելու շուրջ եւ այլ ուղղությամբ չշեղել գործընթացները: Հովհաննես Սահակյանը փաստում է, որ այդ կոչերն անպատասխան մնացին:

Ամեն դեպքում, պատգամավորն էլ սթափության եւ հանդուրժող լինելու կոչ է անում. «Չտանենք սրացման, այլ սպասենք, մինչեւ ապրիլի 24-ը, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կլինի Ծիծեռնակաբերդին, հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին ու չլինի մի բան, որը կխանգարի մեր պահանջը ամբողջական ներկայացնելուն: Մանավանդ, որ գիտենք թե առնվազն երկու թշնամի պետություններ, գերտերություններ, ինչպիսի ջանքեր են գործադրում եւ ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնում, որպեսզի աշխարհի, մարդկության ուշադրությունը շեղեն: Դրա վառ ապացույցը սահմանի դիվերսիոն ակտիվ գործողություններն են, Թուրքիայի քայլերն են Գալիպոլիի ճակատամարտի հայտնվելն է…Այս առումով, կարծում եմ, պետք է սթափ լինենք ու համախմբվենք»:

Հովհաննես Սահակյանը կարծում է, որ «Հիմնադիր խորհրդարանում» կլինեն մարդիկ, ովքեր «նեղ կուսակցական եւ անձնական շահերը կստորադասեն միասնական, համապետական շահերին, նպատակներին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930