Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչ. «ՀՀ-ն սահմանափակ առաջընթաց է արձանագրել»

Ապրիլ 07,2015 15:38

«ՀՀ-ն սահմանափակ առաջընթաց է արձանագրել ԵՄ հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ոլորտում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի զեկույցները Հարևանության քաղաքականության վերանայման գործընթացներում» թեմայով քննարկմանը այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն: Նա նաև նշեց, թե ՀՀ-ն որոշ ջանքեր գործադրել է ենթակառուցվածքների բարեփոխումների իրականացման հարցերում, սակայն դեռ կան բավականին լուրջ խնդիրներ, որոնք պետք է կարգավորեն մարդու հիմնական իրավունքների և ազատությունների ոլորտում, ինչպես նաև արդարադատության ոլորտում: ՀՀ-ն որոշակի օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր ստորագրել է, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին, բարեփոխումները մշակվել են, բայց դեռ չեն գործադրվել:

ԵՄ պաշտոնյան նշեց. «Առանձնապես հանձնարարելի է, որ ՀՀ տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացվի: Մեր օրակարգում կարևորագույն հարց է շարունակում մնալ գենդերային հողի վրա բռնության արգելումը սահմանող օրենքի ընդունումը: Պահանջում ենք, որ կառավարությունն անաչառ քննություն ապահովի բոլոր այն դեպքերում, երբ տեղի են ունեցել քաղաքացիական ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների վրա հարձակումներ: Մեզ համար կարևոր է մարտի 1-ի դեպքերի անաչառ քննությունը»:

ԲՀՀ-Հայաստան «Քաղաքականության հետազոտության կրթաթոշակներ» նախաձեռնության պատասխանատու Մարիամ Մաթևոսյանը նշեց. «2007-ից ի վեր մեր զուգահեռ հաշվետվությունները ցույց են տվել մի բան, որ բարեփոխումները բավականին մանիպուլացվել են և դրա պատճառները գուցե տարբեր են: Դրանցից մեկը հնարավոր է կապված է այդ շրջանակի ավելի պակաս պարտադրող լինելու հետ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Նվարդ Մարգարյանը անդրադառնալով ՀՀ-ի միջազգային պարտավորությունների կատարմանը, նկատեց. «Չափանիշներն առավել քան հստակ են. ընդունել օրենք և ստեղծել մեխանիզմներ, որ հնարավորինս արդյունավետ կիրառվի տղամարդկանց և կանանց իրավահավասարության մասին օրենքը: Բայց բազմաթիվ տարիներ ընտանեկան բռնության օրենքի ընդունումը քննարկումներից այն կողմ չի անցնում և չկան այն ուղղորդող մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ընտանեկան բռնության դեպքերը բացահայտել ու աջակցություն տրամադրել ընտանեկան բռնության զոհերին»:

Հարցին` սահմանադրական փոփոխությունները կլուծե՞ն դատական համակարգի անկախության հարցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների եւ նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը պատասխանեց. «Առանց սահմանադրական բարեփոխումների ևս կարելի էր այս անկախության հիմքերը ստեղծել` օրենսդրական մակարդակում համապատասխան կետեր, հոդվածներ փոփոխելով»:

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի տնօրեն
Վարուժան Հոկտանյանը կոռուպցիայի վերաբերյալ պատկերին անդրադառնալով, ասաց. «Հակակոռուպցիոն կառավարման տեսանկյունից որոշ առաջընթաց կա զուտ ֆորմալ առումով, քանի որ ստեղծվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Բայց պետք է քաղաքական վերնախավի քաղաքական կամքը: Հարց է, թե արդյոք կա՞ այդ կամքը լրջորեն պայքարելու կոռուպցիայի դեմ, նաև մաքուր, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930