Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Կառավարությունում թքած ունեն օրենքների վրա»

Ապրիլ 07,2015 15:15

Այսօր՝ ապրիլի 7-ին, «Տեսակետ» ակումբում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսեց մարզերի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում «Կրթական որակ և բարելավում» ծրագրի իրականացման մասին, անդրադարձ եղավ այն թեմային, թե ինչո՞ւ են փակվում մանկապարտեզները եւ ի՞նչ նախակրթարաններ են բացվում մինչդպրոցական տարիքի երեխաների համար:

Ըստ տիկին Բախշյանի, թեեւ մինչդպրոցական կրթությունը պարտադիր չէ, սակայն կրթություն ստանալը մտնում է երեխաների իրավունքների մեջ: Նա փաստեց, թե ինչպես է Դեբեդավան գյուղում ավագանու որոշմամբ փակվել մանկապարտեզը՝ ֆինանսների սղության պատճառով, այն դեպքում, երբ ծնողները ցանկություն են հայտնել նույնիսկ 4 հազար վճարել: «Զարմանում եմ, ինչպես է կառավարությունը 60 միլիոն տվել գեներալ Մանվելին, իբր թե կրթության համար որոշակի միջոցառումներ անելու նպատակով…Դպրոցները ծնողների հետ կազմակերպում են միջոցառումները, սակայն, դրա համար չգիտես ինչու գումար է ստանում գեներալ Մանվելը: Ստացվում է կառավարությունը 15 մանկապարտեզի գումար է տվել գեներալ Մանվելին, որի գործունեությունը ես չեմ տեսնում»,-հայտարարեց տիկին Բախշյանը:

Նա ավելի քան վստահ է, որ հանրակրթությունը երբեք էլ արդյունավետ ու կազմակերպված չի լինի՝ առանց նախադպրոցական կրթության:

Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը նշեց, որ Դեբեդավանի հարցով դիմել էր կառավարություն եւ Տարածքային կառավարման նախարարի ստորագրությամբ պատասխան է ստացել: Այնտեղ, ըստ կրթության փորձագետի, ընդամենն ասվում է, որ ֆինանսների բացակայությունն է Դեբեդավանի մանկապարտեզի փակման պատճառը: «Ստացվում է, որ երեխայի կրթության իրավունքը ստորադասվում է մնացած բաներին, չէ՞ որ պետությունն օրենքով ասում է՝ հանրակրթական ծրագրերը սկսվում են նախադպրոցական կրթությունից: Նախադպրոցական կրթությունն էլ փակում են շատ գյուղերում, փակում են, ասում են՝ չկա: Այսինքն երեխաները գյուղերի ցեխոտ փողոցներից բացի այլ բան չեն տեսնելու, կրթություն չեն ստանալու մինչեւ դպրոցը: Այս մոտեցումը, որ գյուղապետարանները հանգիստ կերպով փակում են մանկապարտեզները շատ վտանգավոր է, ի՞նչ է ակնկալում կառավարությունը, ակնկալում էն վարկային երրորդ ծրագրով դպրոցների շենքերում նախակրթարաններ հիմնել, որը միայն 5-6 տարեկանների համար է, այնտեղ պիտի 4-5 երեխա գնա, իսկ մյուսնե՞րը…Ինձ թվում է մեր պետական պաշտոնյանները Հայաստանում գործող օրենքներից տեղյակ չեն՝ երեխայի իրավունքների մասին օրենքից, Հանրակրթության մասին օրենքից, մի խոսքով, թքած ունեն այս ամենի վրա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիկին Բախշյանը միշտ փաստեր է բերում, որ ուրիշ երկրներում սկանդալների ու հրաժարակնների պատճառ կդառնային: Բայց մեր երկրում համապատասխան մարմինները երեսներին քաշել են կոկորդիլոսի կամ էլ իրենց քամակի կաշին ու ամոթանքն այնտեղ չի մնում, սահում ընկնում է իրենց ոտների տակ, իրենք էլ ոտնատակ են տալիս ու մոռացության/լ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930