Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ Հիմնադիր խորհրդարանի մասին. «Հետապնդման շատ է նման»

Ապրիլ 07,2015 15:05

«Կատարվածը իշխանությունների հերթական բռնություններն են ընդդիմության նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի 7-ին Հիմնադիր խորհրդարանի մի շարք անդամների ձերբակալությանը եւ նրանց բնակարանների հետախուզությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով՝ պաշտոնատար մարմինները դեռ պետք է բացատրություններ տան, հակառակ դեպքում՝ դա կլինի հերթական քաղաքական հետապնդումը. «Պետք է հստակ պարզաբանումներ տրվեն, հստակ ապացույցներով, ոչ թե սպիտակ թելերով կարված ներդրված ապացույցներով, ինչպես մարտի 1-ին եղավ. Պարզվեց այնտեղ պայքարողները բոլորը թմրամոլ եւ ահաբեկիչ էին: Եթե շինծու ինչ-որ քայլեր չանեն, այդ դեպքում պարզ կլինի, իսկ հակառակ դեպքում՝ դա միանշանակ քաղաքական հետապնդում է: Ճիշտ կլինի սպասել, բայց այնուամենայնիվ, հետապնդման շատ է նման»:

Հարցին, թե պարոն Մարտիրոսյանը կատարվածի եւ մարտի 1-ի միջեւ նմանություններ տեսնո՞ւմ է, նա պատասխանեց, որ դեպքերի մեջ մի փոքր տարբերություն կա. «Նախ մարտի 1-ին դեռեւս ամբողջ ղեկավարությունը ձերբակալված չէր, չեմ խոսում Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, որը երբեք ձերբակալված չի եղել: Ամենակարեւոր առանձնահատկությունն է, որ մարտի 1-ին հսկայական քաղաքացիական ակտիվություն կար. Մեր քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքված էին ե՛ւ փետրվարի 28-ի երեկոյան, ե՛ւ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ քաղաքացիներ կային Ազատության հրապարակում, մարտի 1-ից հետո բավականին քաղաքացիներ հավաքվեցին քաղաքապետարանի առաջ: Իրավիճակը բացարձակապես տարբեր է»:

Ճշտող հարցին, թե պարոն Մարտիրոսյանը նկատի ունի, թե Հիմնադիր խորհրդարանը բավականին մարդկային ռեսուրս չունի՞, նա ասաց. «Այս պահին մենք որեւէ տեղ քաղաքացիների ակտիվություն չենք տեսնում, գումարած դրան՝ նաեւ չկա այն իրավիճակը, որ ղեկավարությունն ամբողջովին ձերբակալված լինի»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930