Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը Գալուստ Սահակյանին հորդորում է դադարեցնել ԱԺ քննարկումը. «Փաստաթուղթը լեգիտիմ չէ»

Ապրիլ 07,2015 14:48

Այսօր ԱԺ-ում գազային հանձնաժողովի զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դադարեցնել հարցի քննարկումը՝ ներկայացված փաստաթուղթը համարելով ոչ լեգիտիմ:

Նրա խոսքերով՝ «Ես ցանկանում եմ հասկանալ՝ սա ի՞նչ փաստաթուղթ է, ի՞նչ հիմքեր ունեք ենթադրելու, որ մենք գործ ունենք հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացության հետ: Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ե՞րբ է կայացվել այդ նիստը, որը իրավազոր է ճանաչվել, տեղի է ունեցել քվեարկություն: Իմ տեղեկությունների համաձայն, պարզվում է, որ այդ նիստի մասին ոչ ոք տեղյակ չի: ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը նման բան չգիտի, Մելքումյանը չի եղել նման նիստի, Արամ Մանուկյանը չի եղել, ՀՅԴ-ից էլ նման տեղեկություն ունենք: Ե՞րբ է տեղի ունեցել նման նիստը եւ ո՞վ է քվեարկել: Ո՞ւր են հատուկ կարծիքները: Տեղի չի ունեցել այդ նիստը: Հիմա պարզ չի, թե դուք ինչ փաստաթուղթ եք ներկայացրել: Մեզ պետք չէր այստեղ Վարդան Այվազյանի փաստաթուղթը, մեզ պետք էր գազի հանձնաժողովի փաստաթուղթը: Ի՞նչ հիմքեր ունեք հիմա քվեարկության դնելու մի փաստաթուղթ, որը մեր կողմից չի հաստատված»:

Վարդան Այվազյանը, որը մինչ այդ Հրանտ Բագրատյանի հետ ունեցած վիճաբանության ժամանակ հորդորել էր հանձնաժողովի նիստերի ձայնագրությունը լսել՝ իր խոսքերն ապացուցելու համար, նորից առաջարկեց «զապիսը» մեջտեղ հանել. «Ես ձեզ խոսք եմ տալիս բերել կոնկրետ որ նիստի ժամանակ ինչ է ասված»:

Նա ասաց, որ գազի հանձնաժողովի անդամների էլեկտրոնային հասցեներին ուղարկել է փաստաթուղթը, որեւէ առաջարկ չի ստացել. «Հանձնաժողովի փորձագետներն էլ ընդունվել են ձեր միջոցով, ոչ թե իմ: Ես ասել եմ, եթե կունենաք հատուկ կարծիք, կարող եք ունենալ: Կա էլեկտրոնային հասցե, նաեւ գիտատեխնիկական առաջընթաց կա, պահպանում է ամիս-ամսաթվերը: Ես 51 նիստ եմ անցկացրել: Այդ 51 նիստին ո՞վ է մասնակցել: Նիստը չի տեւում 5-10 րոպե: Տեւում է 3 ժամ: Եթե գալիս են 10 րոպե ու ասում են՝ մենք նիստին տեղյակ չէինք, դա չի նշանակում, որ նիստը չի կայացել: Ո՞նց անեինք, գնայինք դռներդ խփեինք, ասեինք նայե՞լ ենք»:

Լեւոն Զուրաբյանը բարկացավ՝ «Քվեարկություն անցկացրե՞լ եք, կարո՞ղ եք ասել, թե ոնց են քվեարկել հանձնաժողովի անդամները: Քանի որ չունեք նման նիստ եւ արձանագրության արդյունքներ, այլ կերպ քան այս փաստաթուղթը գնահատել կեղծիք հնարավոր չէ: Այն, ինչ մենք քննարկում ենք, կեղծիք է:

Նա հորդորեց Գալուստ Սահակյանին քննարկումը դադարեցնել, որովհետեւ փաստաթուղթը լեգիտիմ չէ:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հնարավոր չէ, որ նիստ եղած չլինի եւ քվորում եղած չլինի: Եթե չի եղել՝ պահանջեիք, որ լիներ: Ես գիտեմ, որ եղել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930