Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանում ծանր տնտեսական դրության պատճառով հայ արտահանողների մոտ առաջացած խնդիրներին, նշեց, որ կառավարությունն աջակցում է գործարարներին խնդիրը կարգավորելու համար:
Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ գործարար համաժողով է տեղի ունեցել, որի ընթացքում Մարոկկոյից եկած գործարարների հետ քննարկվել է Հայաստանի եւ աֆրիկյան մի շարք երկրների միջեւ տնտեսական կապեր ստեղծելու հարցը:
Հանդիպման ընթացքում, ըստ նախարարի, երկու կարեւոր հարց է քննարկվել. «Առաջինը, որ աֆրիկյան ամբողջ մայրցամաքը լուրջ հնարավորություն է Հայաստանի գործարարների համար իրենց արտադրանք իրացնելու համար: Երկրորդ՝ Հայաստանը նույն աֆրիկյան գործարարների համար կարող է հնարավոր հարթակ հանդիսանալ ԵՏՄ շուկա մտնելու համար»:
Նախարարը վստահեցնում է, որ հայ գործարարներին կառավարությունն ուղղորդում է դեպի այն շուկաները, որտեղ ուսումնասիրություններ ունեն կատարած, կամ այն շուկաները, որոնք ավելի ազատ ռեժիմով են գործում:
Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ հայ գործարարները այդ դժվար իրավիճակում հայտնվել են օբյեկտիվ պատճառներով. «Եթե ուշադրություն դարձնեք այն երկրներին, որոնք առեւտուր են իրականացնում Ռուսաստանի դաշնության հետ, ապա բոլորի մոտ արտահանման անկում է»: Նախարարը վստահեցնում է, որ համեմատած այլ երկրների՝ տնտեսական անկումը այդքան էլ մեծ չէ Հայաստանում:
Կարդացեք նաև
Արտահանման ծավալների նվազումը կառավարության համար մտահոգիչ են, վստահեցնում է նախարարը, այդ իսկ պատճառով որոշակի ոչ ստանդարտ միջոցառումներ պիտի ձեռնարկվեն:
Մանրամասն՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ