Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:
Փաստաթղթում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը
– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948թ-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից 1988թ-ի նոյեմբերի 22-ին ընդունված «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
– արժեւորելով «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրում» ամրագրված դրույթները,
Կարդացեք նաև
– կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ունեցած ներդրումը,
– երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին եւ պետական կառույցներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ.
Կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին եւ միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:
ՀՀ ազգային ժողով