Այսօր ԱԺ-ում քննարկվում է այսպես կոչված «Գազային հանձնաժողովի» եզրակացությունը: Հիմնական զեկուցող հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցեր էին ուղղում պատգամավորները:
Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց. «Սա ամենաաղմկահարույց գործն էր: Այդպես էլ հասկանալի չդարձավ, ի՞նչ կարեւորագույն խախտում եք դուք գտել: Այսինքն, հանձնաժողովը քրտնաջան աշխատելուց հետո եկավ այն եզրակացության, որ որեւէ էական խախտում չի՞ եղել: Ի՞նչ եղան այն միլիոնները»:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ինչ նկատի ունեք էական խախտում՝ դիտարկման խնդիր է: Աղմկահարույցն էլ կախված է, թե ինչ աղմուկ կբարձրացնենք մենք: Հստակ նշել ենք, թե որտեղ են խախտված օրենքները»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հարց ուղղեց «Հայռուսգազարդի կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասի գնահատման եւ վաճառքի մասին. «Եզրակացության մեջ նշում եք այն սխալները, որոնք կատարվել են գույքը մասնավորեցնելիս: Նշում եք, որ աուդիտի չի ենթարկվել, պետական գույքի մասնավորեցման ծրագրի օրենքի մեջ ընդգրկված չի եղել: Բայց նշում եք, որ պետական պայմանագիրը հետո վավերացրել է ԱԺ-ն եւ ասում եք, որ դա համապատասխանում է մեր օրենսդրությանը: Բայց չէ՞ որ կառավարությունը ինքնագլուխ Սահմանադրության 89 հոդվածին հակասող գործողություններ է արել, պետական սեփականությունը փաստացի վաճառել է՝ առանց ԱԺ-ի գիտության, հետո գործարքը դեմ տվեցիք ԱԺ-ին, ԱԺ-ն էլ ստիպված քվեարկեց: Ուզում եմ իմանալ, գոնե պետական գույքի օտարման լիազորությունը քննարկվե՞լ է»:
Կարդացեք նաև
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Եղել է բանակցային գործընթաց: Եթե այսօր ասում ենք, որ երկրի ղեկավարն իրավունք չունի զբաղվել ՀՀ-ի գազամատակարարման խնդիրներով, քավ լիցի, կարող եք ասել իրավական: Ասել, թե ի՞նչ իրավունք ունի երկրի նախագահը կամ վարչապետը Հայաստան ներկրվող գազի խնդիրներով զբաղվել: Եղել է նախնական պայմանավորվածություն եւ բանակցային գործընթաց: Երբ գազի գինը բարձրացվել է մի քանի անգամ, ոչ ՀԾԿՀ-ն, ոչ «Գազպրոմ Արմենիան» հայտ չի ներկայացրել, որ խնդրում եմ առաջարկված պարտավորությունների համար վճարեք, որովհետեւ դա բանակցային գործընթացի մեջտեղ էր գտնվում: Կառավարությունն է սահմանված կարգով բերել եւ ասել՝ ես առաջարկում եմ նմանատիպ գին: ԱԺ-ն էլ տվել է այդ հնարավորությունը, որ 20 տոկոսը գնահատվի այդ գնով եւ տվել է: Դա եղել է գործարքի լավագույն տարբերակներից մեկը: Ավելի ձեռնտու էր այդ գնով վաճառել, քան թե իրական իր արժեքն էր ներկայացնում: Եթե ԱԺ-ն չվավերացներ, ապա տարբերությունը պետք էր վճարել»:
Գագիկ Ջհանգիրյանը ճշտեց. «Ես ասում եմ, եթե պետական սեփականությունը ընդգրկված չէ մասնավորեցման ենթակա օրենքի ցանկում, ի՞նչ իրավունք ունեն պաշտոնյաները դրա վաճառքի վերաբերյալ բանակցություններ վարել: Ի՞նչ գիտեն, որ ԱԺ-ն օտարելու է, որ գնացել են դրա վերաբերյալ բանակցություններ են վարել: Ոչ մեկը չէր կարող իմանալ, որ ԱԺ-ն համաձայնելու է դա վաճառել, որ դրա վերաբերյալ գնում էին բանակցությունների»:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ձեր հարցը քաղաքական է: Մենք ասում ենք, ինչի՞ է երկրի վարչապետը գնացել խոսել գազի գնի հետ կապված: Գնացել խոսացել են, մենք էլ համաձայնել ենք: Եթե չհամաձայնեինք, մեզ կասեին՝ պարտք է ձեւավորվել, գնացեք տեսեք ինչ եք անում: Ես ասում եմ՝ իրավունք ուներ վարչապետը, դուք ասում եք՝ չուներ: Սա իրավական հարթության մեջ տեղավորվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ