Այսօր շարունակվեց ԱԺ քննարկումը աղմկահարույց մի հարցի` «գազային հանձնաժողովի» եզրակացության մասին: Գազային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցեր ուղղեցին պատգամավորները:
Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց. «164 դոլարով մենք գազը առնում ենք, 340-ով ծախում ենք: Ուկրաինան այսօր ստանում է 247 դոլարով, 4 օր առաջ գազի գինը բարձրացրեց, 280-ով ծախում է: Որտե՞ղ է մեր ստրատեգիական ռազմավարությունը, ի՞նչն է: Այս հարցին պատասխանեք, որտե՞ղ է 164-ի ու 340-ի տարբերությունը: Այդ ի՞նչ 288 դոլար է ձեր զեկույցում: Եվ երկրորդ հարցը՝ վերլուծված չեն ներդրումները, ի՞նչն է կազմում ներդրումները, ո՞նց են պարտավորվում, որ «Գազպրոմի» մենեջերը, թեկուզեւ լավ աշխատավարձ է ստանում, այսօր ներկայանում է որպես օլիգարխ: Ո՞ւմ հիմնարկներն են կատարում այդ կապալառու աշխատանքները: Մարդը մի քանի 100 մլն ունի եւ խոսում է արդեն Մոսկվայից Երեւան ներդրումների մասին, սա ռազբիրատ արե՞լ եք: Եվ հետո, որ տարբեր հիմնադրամներ, գազային ցանցեր սարքում ենք, հետո հանձնում ենք իրենց, այդ գազային ցանցերը, որ ձրի ստանում է, ինքը մտցնո՞ւմ է դա ներդրումների մեջ, հաշվե՞լ եք: Կարո՞ղ է կա կրկնակի հաշվարկ: Ստուգե՞լ եք գոնե 1 անգամ»:
Հետո Հրանտ Բագրատյանը հիշեցրեց մի գործարք. «1998-ին Հայաստանի «Գազարդի» կեսը տվեցինք ռուսներին 148 մլն-ով: Դրա դիմաց փող պիտի գար 148 մլն, չի եկել, այդտեղից սկսե՞լ եք նայել: ՀՀ երկրորդ նախագահը այդ ժամանակ, որ 148 մլն դոլար վարի էր տալիս, հանձնաժողով էր այստեղ ստեղծել մի քանի եւ մութ ու ցուրտ տարիների «մազութի գործ» էիք քննարկում: Վերցրել էիք իմ վերահսկողության ծառայության տեղեկանքը, բերել ձեզ հարիֆացրել՝ մատուցում էին: Դա միակ դեպքն է, որ իշխանությունը ընկավ հետեւներիցս, որ նստացնի, վերջում ներողություն խնդրեց, թողեց գնաց, նրա համար, որ այս երկրին լույս էինք տվել: Երկրորդ նախագահը, որ դա անում էր, 148 մլն դոլար վարի տվեց: Ո՞ւր է այդ 148 մլն դոլարը, որ մենք ձրի տվեցինք գազը ռուսներին, 2 տարի ձրի գազ տվեցին, չպիտի վճարեինք, այդ փողն էլ հատուկ հաշվին պիտի կուտակվեր: Սա քննե՞լ եք, թե՞ չեք քննել»:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «165-ով վերցնում ենք եւ այսօր 345-ով վաճառում ենք, ո՞ւմ ենք վաճառում: 345-ով վաճառում ենք հիմնականում ազգաբնակչությանը, որը գալիս է գազի սպառողների մոտ 35-40 տոկոսը: Գազի սպառման մնացած 60 տոկոսին վաճառում ենք 280 դոլարի կարգի: Ինչ վերաբերում է օլիգարխին, երբ մենք ուզում էինք նայեինք, թե մեջը ով է օլիգարխ դառել,, դուք էիք դեմ, բացի ՀՀԿ-ից: Որ ասում էինք գնանք ծախսերը նայենք, թե մրցույթը ինչպես է կատարվել, բացի որտեղ են ծախսերը ներդրել, բացի ՀՀԿ-ից բոլորն ասեցին՝ մենք չենք ցանկանում: Մենք ասեցինք՝ հետո սրա մասին խոսելու ենք: Սա այդ «հետոն» է: ՀՀԿ-ն նախանձախնդիր լինելով՝ ասաց, մենք առաջարկում ենք, որ գնանք, ծախսերը նայենք: Այդ մասը չի ուսումնասիրվել»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանն ու Հրանտը Բագրատյանը տեղից անհամաձայնություն հայտնեցին:
Վարդան Այվազյանն էլ հիշեցրեց՝ «Ամբողջ մեր նիստերը ձայնագրված են: Կարանք ձայնագրությունը հանենք: Դա եղել է բոլորի համաձայնությամբ: Ինչ վերաբերում է 148 մլն-ին, պարոն Բագրատյան, խնդիրն այն է, որ այն ժամանակահատվածի գազը, եթե հիշողությունս չի դավաճանում, այդ ամբողջը բերեցին եւ դրա դիմաց կարծեմ գազ ստացանք: Այսինքն, այդ գումարը ոչ թե մտավ պետբյուջե, այլ դա փոխհատուցել են գազով, եթե չեմ սխալվում: Դա չենք ուսումնասիրել, ուսումնասիրել ենք 2001-ից սկսած: Դեմ չեմ, որ ձեզ հետ միասին դա նայենք: Իսկ ներդրումների մասով ձեզ տեղեկանք ներկայացված է: Ինչ արվել է, համենայնդեպս, առանց ՀԾԿՀ-ի, որևէ բան չի արվել: Ես չեմ ուզում սրբացնել որեւէ մեկին»:
Հրանտ Բագրատյանը արձագանքեց. «Դուք իմ 3 հարցից ոչ մեկին էլ չպատասխանեցիք: Ինձ չեք բացատրում 164-ը ոնց է դառնում Ուկրաինան պատերազմի մեջ է, ստանում է 270: Այն, որ այստեղ ասում եք՝ գայիք, գնայինք ստուգեինք, կարող է չգայինք, դուք պարտավոր էիք ստուգել: Ես 2 անգամ չլինելով հանձնաժողովի անդամ եկել եմ նիստի, ինքներս ասացիք՝ իմացեք, ամեն ինչ չի մեզ թույլատրված: Դուք ճշտում էիք, թե հանձնաժողովի նիստին ինչն է մեզ թույլատրված: Արամ Մանուկյանն էլ ներկա: Ես էլ ասեցի՝ այստեղ անելիք չունեմ ու թողի գնացի: Սա՞ եք ուզում, սա է եղել մեր խոսակցությունը, պաշտոնապես հայտարարում եմ»:
Վարդան Այվազյանը պնդեց՝ «զապիս կա, արեք գնանք նայենք, ինձ ամեն ինչում մեղադրել էին: Ձեր ձեռները խի՞ էին բռնել, մի հանձնաժողովի անդամ ես, մի հանձնաժողովի անդամ՝ դուք:
Գալուստ Սահակյանը միջամտեց. «Պատերազմները՝ դրսում: Զապիսը հետո կնայեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ