Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լիագումար նիստում փորձեց քվեարկության դնել բավականին բուռն քննարկումների արժանացած «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Պատգամավորներն ընդդիմացան եւ հորդորեցին, որ հետաձգվի այն:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Կրթության մասին օրենքը պարտադիր է համարում մինչեւ 19 տարեկան աշակերտի կրթությունը: Եթե նույնիսկ աշակերտը որոշում է գնալ արհեստագործական ուսումնարան կամ քոլեջներ, այնտեղ նույնպես ինքը մինչեւ 19 տարեկանը պիտի պարտադիր սովորի միջնակարգ կրթության մասը: Եթե աշակերտը չի ուզում 9-րդից հետո շարունակել, ապա կառավարության որոշումով հնարավորություն պետք է տան աշակերտին շարժի՝ 9-րդից 10-րդ կամ մինչեւ 12-ամյա կրթություն: Անընդունելի է պարտադիրի գաղափարը: Ինչո՞ւ պետք է լինի աշակերտի շարժի համար թույլտվություն: Պարտադիրի գաղափարը պետք է հանել: Ինչո՞ւ պետք է շարժի համար լինի կառավարության որոշում, երբ մենք ունենք «Հանրակրթության մասին» օրենք»:
Կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը բացատրեց. «Խոսքը ամենեւին այդ մասին չի, որ 19 տարեկանում պիտի պարտադիր կրթվի: Սահմանադրությունը սահմանում է, որ կառավարությունը կարող է օրենքով սահմանել կրթության ավելի բարձր մակարդակ: Ոչ միայն պետությունը պիտի պատրաստ լինի, ծնողները եւս պատասխանատվություն են կրում իրենց զավակների կրթության համար: Մենք կարո՞ղ ենք սահմանել, թե՞ չենք կարող: Խոսքը սրա մասին է: Կարող ենք»:
Նաիրա Զոհրաբյանը Գալուստ Սահակյանին հորդորեց. «Խնդիրը լուրջ հակասություններ ունի: ԲՀԿ-ն առաջարկում է հետաձգել հարցի քննարկումը եւ նորից շահագրգիռ կողմերի հետ քննարկել: Եթե ինչ-որ մեկը ասի, որ ավագ դպրոցը արդեն կայացած է, դա կլինի բացարձակ դեմագոգիա: Եթե չեք փորձելու գալ փոխզիջումային տարբերակի, ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ»:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանն էլ առաջարկեց, որ գրավոր տեքստին ծանոթանան, նոր քվեարկեն. «Որովհետեւ ձեր բանավոր ասածից բան չհասկացա, անկեղծ եմ ասում»:
Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ սա 1 տարուց ավելի է, քննարկվում է եւ «մենք լիազորություն չունենք հետաձգելու»:
Հեղինե Բիշարյանը նորից անհամաձայնություն հայտնեց, նա պնդեց, որ ընդամենը մայիսից են սկսել քննարկել, 1 տարի չկա. «Գուցե եւ աղջիկ երեխա է, 18 տարեկանից ուզում է ամուսնանալ: Մենք գիտենք, որ 9-րդ դասարանի բազայի հիման վրա երեխաները գնում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու: Սրանով ի՞նչ ենք պարտադրում, որ ավագ դպրոցո՞ւմ մնա: Եթե 2017-ին սա պետք է իրագործենք, ինչո՞ւ ենք այսօր քվեարկում»:
Գալուստ Սահակյանը Հեղինե Բիշարյանին խորհուրդ տվեց օրենքը նորից կարդալ. «Ամեն մեկդ մի բան եք ասում, օրենքը կարդացեք»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ հարցը բավականին թեժ է քննարկվել եւ հանձնաժողովն էլ պատրաստակամ նորից քննարկել. «Ի՞նչն է խանգարում, որ գոնե հաջորդ քառօրյայում քվեարկության դրվի, նաեւ կրքերը կհանգստանան»:
Գալուստ Սահակյանը տեղի տվեց. «Դրա հնարավորությունը կա»: Նա առաջարկեց, որ վաղն առավոտյան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ քննարկեն, բոլոր շահագրգիռ պատգամավորները մասնակցեն, վաղը նոր քվեարկության կդնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ