«ՌԴ մշակույթի նախարարությունից առաջարկեցին գալ Հայաստան, ուստի ես, քանի որ հետևում եմ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որոշեցի ընդունել առաջարկը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հանրահայտ Արկադի Ռայկինի որդին՝ ռուս դերասան Կոնստանտին Ռայկինը:
Դերասանն ասաց, որ Հայաստանում իր ղեկավարած՝ Արկադի Ռայկինի անվան «Սատիրիկոն» թատրոնը հանդես է գալու «Սեփական ձայնով» ներկայացմամբ: Այն տեղի կունենա այսօր ժամը 19.00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Կոնստանտին Ռայկինը, առանձնապես չցանկանալով ծավալվել իր գործունեության մասին`նշեց, որ ինքն արդեն 27 տարի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, արտիստ, ռեժիսոր և մանկավարժ: Նշեց, որ «համեստ մարդ է», սակայն քիչ անց խոստովանեց, որ «թավշյա բռնակալ է», քանի որ աշխատանքում միայն «սիրով» հնարավոր չէ:
Կոնստանտին Ռայկինը պատմեց նաև Հայաստան այցելած տարիներից տխուր հիշողություններ. «Տարիներ առաջ, երբ այցելել էի Հայաստան, մի հեռուստաընկերության հրավերով աշխատում էի այնտեղ: Ես ապշած էի մնացել այդ հեռուստաընկերության աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալիզմից: Նրանք ինձ իրոք տանջում էին, քանի որ ես 28 անգամ էի նույն բանը կրկնում և իրենք չէին կարողանում նկարահանել: Ես ջղայնացա և դուրս եկա: Բայց նրանք նույնիսկ ինձ համար հետդարձի տոմս չգնեցին»:
Կարդացեք նաև
Կոնստանտին Ռայկինը փոխանցեց, որ ինքը ծառայում է ռուսախոս հանրությանը, սպասում է, թե երբ են ծնվելու նոր ռուսախոս երեխաներ, որպեսզի նրանց էլ ծառայի: Հարցին՝ արդյոք կինոյում կցանկանա՞ հանդես գալ, ռուս դերասանն ասաց, որ կինոն իրեն չի գրավում և պատմեց, որ անգամ հրաժարվել է 17 միլիոնից ու մերժել կինոյում նկարահանվելու առաջարկը:
Հարցին՝ Կոնստանտին Ռայկինի ընտանիքը շարունակու՞մ է Արկադի Ռայկինի ավանդույթները, ռուս դերասանը պատասխանեց. «Հայրս այնպիսի արտիստ էր, որից ուղղակիորեն ինչ-որ բան սովորել հնարավոր չէր, դա նրան էր տրված: Այն ժանրը, որով նա աշխատում էր, կարելի է Արկադի Ռայկինի ժանր համարել, քանի որ նրա մահից հետո այդ ժանրը ևս մահացավ: Ես էլ չեմ գնացել այդ ուղով, նրա շնորհը ինձ ևս տրված չի եղել: Ես չեմ սիրում սատիրա, այլ սիրում եմ հումոր: Ես ավելի շատ մորս եմ նման, մայրս էլ էր տաղանդավոր, սակայն, քանի որ ինքն իրեն հորս էր նվիրել, դրա համար էլ վառ չդրսևորվեց»:
Կոնստանտին Ռայկինն իր խոսքում հայտնեց, թե իրենց թատրոնն «ապրում է» տոմսերի վաճառքից գոյացած գումարով: Հարցին՝ դա բավարարու՞մ է դերասաններին արժանավայել ապրելու համար, պարոն Ռայկինը մտահոգություն հայտնեց, թե դա չնչին գումար է, և դերասանի աշխատանքը կարելի է համարել ցածր վարձատրվող:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ