Փաստաբան Հակոբ Բաբայանը պատասխանում է Aravot.am-ին
Ինչպես տեղեկացրել ենք, քաղաքացին դիմել էր իրավապահ մարմիններին փաստաբան Հակոբ Բաբայանի դեմ հաղորդմամբ: Նա հայտնել էր, որ իր օգտին դատը շահելու համար «ՀԿԳ» ՍՊ ընկերության փաստաբանը տասնյակ հազար դոլարի գումար է ստացել, իսկ դատը տանուլ է տրվել:
Հակոբ Բաբայանը արձագանքել է այսպես.
«Գիտեք, Հասմիկ Հովհաննիսյանի պրոբլեմը հենց գումար չունենալն էր։ Նրա եղբայրը՝ Սամվել Թելմանի Հովհաննիսյանը կալանքի տակ էր և մեղադրվում էր սպանություն կազմակերպելու և այլ ծանր հանցագործությունների մեջ։ Հասմիկն ասում էր ունեցած չունեցածը հավաքել է, մեծ ծախսեր է կատարել, որ եղբորը կալանքից ազատի։ Խոսում էր հարյուր հազարների մասին։ Ասում էր` պարտքերի տակ թաղված է և հազիվ է տոկոսները փակում։ Ասում էր` հազիվ կարողանում է Իտալիայից ապրանք բերել ծախել, որ պարտքերի տոկոսները տար։ Նրա ամբողջ հույսն այդ հողամասն էր, որ սպասում էր հետ բերել, որ վաճառեր և պարտքերը տար։ Բայց այդ հարցում էլ նրա ընտրությունը մեծ չէր, քանի որ ինչ, որ մենք առաջարկում էինք՝ քաղաքացիական գործով հաղթանակի հասնելու համար, իրեն դուր չէր գալիս։ Մասնավորապես մինչև մեզ դիմելը նա դատարան դիմելիս հայցի հիմքում դրել էր այն, որ ՍՊԸ-ին պատկանող հողամասը վաճառելու համար եղբայրը՝ նույն Սամվել Հովհաննիսյանը կեղծիք է կատարել և իր ստորագրած դատարկ թղթի վրա հավաքել է տեքստ, որը հարկավոր էր հողամասը վաճառելու համար, սակայն դատարանը նրա այդ պատճառաբանությունը չէր ընդունում։
Կարդացեք նաև
Մենք առաջարկեցինք դիմել դատա-քննչական մարմիններին՝ եղբորը քրեական պատասխանատվության ենթարկելու համար, որը հետո կօգտագործեինք քաղաքացիական գործով և հաղթանակի կհասնեինք, սակայն նա չէր համաձայնվում։ Ասում էր` ճիշտ է եղբորը սպառնացող երկարաժամկետ ազատազրկման ժամկետի մեջ այդ հանցագործության համար տրվելիք ժամկետը էական դեր չի խաղա, բայց դա կխանգարի, որ նրան պատժի կրումից ազատեն։ Հետագայում՝ 2015թ. փետրվարին եղբայրն ազատվեց և ես համոզվեցի նրա բոլոր պատմածների իսկության մեջ, իսկ մինչ այդ Հասմիկը մեզ խնդրում էր, որ քաղգործով հաղթենք և դա արագ անենք, որ հողամասը ծախի ու պարտքերը տա։
Նոր հիմքով դատարան մտնելուց հետո մենք պարտվեցինք առաջին ատյանում, սակայն վերաքննիչ դատարանում հաղթեցինք և դրանից Հասմիկը մեծ ոգևորություն ապրեց։ Երբ իմացանք, թե Արաբկիրի դատարանում ով է դատավորը լինելու` ինձ ասեց, որ այդ դատավորի հետ նախկինում դատական գործեր է ունեցել, իսկ տղայի հետ էլ մտերիմ է և նա հաճախ է գալիս իր խանութ։ Հասմիկը գալիս էր ինձ մոտ և ասում էր՝ տղան նոր մոտիցս գնաց։ Նա եթե կաշառք տալու հնարավորություն՝ գումար, ունենար ինքն էլ անձամբ կտար, ոչ թե ինձ կամ մեկ ուրիշի կդիմեր։ Բայց պրոբլեմն այն էր, որ գումար չուներ։ Դրա համար մեզ խնդրում էր, որ ամեն ինչ անենք դատը շահենք, խոստանալով, որ մեզ հաղթելուց հետո մեծ հաջողության վարձ կտա։ Վարձի չափը սակարկելուց հետո պայմանագրում գումարի չափ չգրվեց, այլ գրվեց, որ պարտավորվում է իր որոշած չափով հաջողության վարձ վճարի։ Նա ուրախությամբ համաձայնեց հաղթելուց հետո մեզ վճարել որոշակի գումար հաջողության վարձ։
Բայց ես այդքան միամիտ չեմ, որ նրա խոստացածին հավատայի, դրա համար գրվեց փոխառության պայմանագիր, որի մեջ գումարը երկու անգամ ավելի գրվեց, որպեսզի Հասմիկն իմանա, որ գումարը կամովին չվճարելու դեպքում դատական կարգով դրա կրկնապատիկը կարող ենք ստանալ։ Ես երաշխիքի այդ ձևն ընտրեցի, որովհետև մեր գրասենյակի փորձը ցույց էր տվել, որ եթե ծառայության մատուցման պայմանագրի մեջ մենք հաջողության գումարը ֆիքսել ենք ու չտալու դեպքում դիմել ենք դատարան, նախ դա 1-2 տարի է տևել, մինչև վճիռը մտել է ուժի մեջ, հետո էլ դատարանը ամբողջ գումարը չի բավարարել։
Արաբկիրի դատարանը նորից մեր հայցը մերժեց, որի դեմ մենք նորից բողոք բերեցինք։ Բողոքը քննարկելուց մի քանի օր առաջ Հասմիկը եկավ ինձ մոտ և հարցը կտրուկ դրեց։ Ասում էր ես մեծ կապեր ունեմ և եթե ցանկանամ կարող եմ 100%-ով ապահովել մեր հաղթանակն ու պահանջում էր երաշխիք, որ մեր բողոքը բավարարվելու է։ Նման բան ես չէի կարող խոստանալ և Հասմիկը հրաժարվեց մեր ծառայություններից։
Բնականաբար հաջողության վարձն ապահովող փոխառության պայմանագրի վրա գրեցի, որ այն առոչինչ է և տվեցի իրեն։ Հասմիկը դրանից հետո առանց մեզ գնաց դատարան և պարտվեց ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարաններում։ Գտնվելով հսկայական պարտքերի տակ՝ Հասմիկը դիմել է ամեն քայլի, որ իր գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքի ուժով բեկանվի և նոր դատաքննություն սկսվի։ Նոր երևան եկած հանգամանքն ապահովելու նպատակով Հասմիկը նախ փաստաբանների պալատ է բողոքել պատասխանող կողմի, հետո էլ մեր փաստաբանների դեմ, հույս ունենալով նրանց կողմից խախտում արձանագրել, սակայն երկու դեպքում էլ հաջողության չի հասել։ Ընդ որում 2014թ. հոկտեմբերից հետո, երբ մեր ծառայություններից հրաժարվեց, իր գրած բողոքներում ոչ մի անգամ չի նշել ոչ կաշառք տալու, ոչ էլ գումարների պահանջ ունենալու մասին։ Տեսնելով, որ փաստաբանների հարցում հաջողության չի կարողանում հասնել, այս անգամ էլ դիմել է իմ դեմ, որից հետո էլ, համոզված եմ, որ դիմելու է դատավորի դեմ»: