Պաշտոնական թվերով անգամ այս տարվա աոաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված, լինի դա բեռնափոխադրումներ թե ուղեւորափոխադրումներ, անկում է արձանագրվել։ Մասնավորապես, ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա համեմատ նվազել են 8,8 տոկոսով, կամ նույնն է թե՝ 120 հազար տոննայով։
Հայտնի իրողություն է, որ բեռնափոխադրումների դինամիկան ուղղակի բնորոշում է տնտեսությունում տիրող վիճակը։ Այսինքն՝ բեռնափոխադրումների ընդհանուր անկման պայմաններում տնտեսական աճից խոսելն անհեթեթություն է: Առավել եւս, որ բեռնափոխադրումների ծավալները ոչ միայն մեկ կամ երկու առանձին տրանսպորտի տեսակներով է նվազել, այլեւ բոլորով։ Այսպես՝ երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 14,7 տոկոսով, որից բեռների արտահանումը նվազել 14,9 տոկոսով, իսկ ներմուծումը պակասել 11,5 տոկոսով։ Կտրուկ նվազել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները, անկումը կազմել է 25,6 տոկոս։
Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումն այդքան մեծ չի՝ 1,1 տոկոս։ Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները, ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում, տեսնում ենք, որ արտահանումը նվազել է ավելի քան կիսով չափ՝ 51,7 տոկոսով ներմուծումը նվազել է 19,1 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 7,7 տոկոսով։ Ի դեպ, հենց այս աճի հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը քիչ է նվազել։ Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ լուրջ անկում է արձանագրվել, արտահանման դեպքում՝ 40 տոկոս, իսկ ներմուծումը՝ 43,3 տոկոս։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում