Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկայի որդու նոր «սխրանքը». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 07,2015 11:51

Նախօրեին՝ Սուրբ Զատկի օրը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը, սպառնացել եւ հայհոյել է Բուդաղյան ընտանիքի բարեկամ, «Ոստիկանության Գորիսի վետերանների միավորման» նախագահ Ռոբերտ Հակոբյանին, ինչի վերաբերյալ վերջինս դիմել է ոստիկանություն։

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Գորիսի հերթապահ բաժին, այն արձանագրվել է համապատասխան մատյանում։ Ռոբերտ Հակոբյանը ներկայացրեց դեպքի մանրամասները.

– Ժամը 17-ի սահմաններում քայլում էի Գորիսի կենտրոնում՝ Գուսան Աշոտի փողոցով, որտեղ «Ծիածան» շինանյութի խանութ կա, եւ առեւտուր պետք է անեի։ Խանութին չհասած՝ զզացի, որ ինձ երկու մեքենա է հետապնդում։ Եկան մոտեցան, դանդաղեցրին ընթացքը, համարյա կանգնեցին, մեքենաներից մեկի ապակիներն իջեցրին եւ սպառնալիքներ ու հայհոյանքներ ուղղեցին ինձ: Դա Լիսկայի մարդասպան ավագ որդին էր՝ Տիգրան Խաչատրյանը, որ 2013 թվականի հունիսի 1-ին կատարեց այդ հանցագործությունը (Բուդաղյանի սպանության մասին է խոսքը– Գ.Ա.): Մեքենաներից մեկը «G 500» դասի սեւ Մերսեդես էր՝ 077 QQ 77 պետհամարանիշով, որի մեջ Տիգրանն էր նստած, իսկ երկրորդ մեքենան՝ սպիտակ Պորշ էր, 77 AV 077 պետհամարանիշով։ Սպառնալիքներ ու լկտի հայհոյանքներ տալուց հետո մեքենաներով հեռացել են, ես գնացել եմ ոստիկանություն եւ հայտարարություն եմ տվել։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների, ոստիկանությունը առայժմ դրանց նկատմամբ որեւէ քայլ չի ձեռնարկել։

– Ի՞նչ սպառնալիքներ են հնչել իր կողմից։

– Ասում էին, թե՝ սպանելու ենք, մորթելու ենք, եւ այլն։ Եւ հայհոյանքներն էլ ամենալկտի ձեւով էին։ Ես որեւէ կերպ չեմ հակադարձել։

– Երկրորդ մեքենայի մեջ ո՞վ էր։

– Չեմ կարող ասել։ Ամբողջը կարճ տեւեց, ու ես հիմնականում սեւեռվեցի իր վրա, չհասցրի ֆիքսել, թե ով կա մյուս մեքենայի մեջ։

– Ականատեսներ եղել են, տեսախցիկներ կա՞ն տարածքում։

– Դե, քաղաքացիների շարժ կար։ Գիտեք ինչ, ես մատնացույց եմ անում։ Ինձ հետ է կատարվել։ Ես ոստիկանության հարյուր տարվա աշխատող եմ։ Հիմա գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ սպանեցին Ավետիք Բուդաղյանին, իսկ գնդապետին՝ եղբորը, ծանր մարմնական վնասվածք հասցրին։ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ կետի 6-րդ մասով 12-ից մինչեւ 20 տարի կամ ցմահ բանտարկության պետք է դատապարտվեր Լիսկայի որդին։ Պարզ է, որ դա չի արվել… հասկանում եմ հարցը… բայց ես չէի կարող անմիջապես չդիմել ոստիկանություն եւ ես դիմել եմ։

– Սպառնալիքները կապում եք անմիջապես ձեր անձի՞ հետ, թե՞ Բուդաղյանների հետ ունեցած բարեկամության։

– Հակված եմ կարծել, որ ամեն ինչ հանրությանը հայտնի դեպքերի հետ կապ ունի, որովհետեւ վերջին երկու տարիներին ես իմ բարեկամների, իմ հարազատների՝ Բուդաղյանների կողքին կանգնած եմ եղել, այդ ընթացքում հանդես եմ եկել նաեւ հրապարակումներով:

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930