Երեւանյան տարբեր փոքր ու միջին ձեռնարկություններ դժգոհ են վերջին 3-4 ամսում գրանցված սպառման ծավալներից եւ նշում են՝ նույն տեմպերով շարունակվելու դեպքում հնարավոր է փակվեն։
«Ռոսիա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող հագուստի կրպակներից մեկի սեփականատերը մեզ տեղեկացրեց, որ դեկտեմբեր ամսից սկսած՝ իր խանութում առեւտուրն անկում է ապրում ու անընդհատ հաճախորդների թիվը նվազում է. «Մինչեւ դեկտեմբեր չեմ ասի լավ էր, բայց վատ էլ չէր, մարդիկ առեւտուր էին անում։ Հիմա ընդհանրապես կատաստրոֆիկ վիճակ է, ժամերով կարող է մարդ չմտնի»,- պատմեց խանութպանը։ Նա ասաց, որ առեւտրի նվազման հիմնական պատճառը Ռուսաստանից եկող փողի նվազումն է. «Ռուսաստանից փող չեն ուղարկում կամ քիչ են ուղարկում, դա էլ մարդիկ ծախսում են, ասենք, ուտելիքի վրա։ Ի՞նչ անես, հո չպիտի՞ ասես՝ հաց մի կերեք, շոր առեք»,- ասաց նա հավելելով, որ նույն տեմպերով շարունակվելու դեպքում խանութը փակելու եւ մեկնելու է արտագնա աշխատանքի։
Նույն վիճակն էր նաեւ Տիգրան Մեծ պողոտայում գտնվող ավտոլվացակայաններից մեկում։ Լվացակայանի աշխատակից Արմանը ասաց, որ եթե անցյալ տարի օրվա ընթացքում կարող էին մինչեւ 30 մեքենա լվանալ, այժմ մեքենաների թիվը չի գերազանցում 15-ը։ «Չեմ կարող պատճառներն ասել, ո՛չ տնտեսագետ եմ, ոչ էլ քաղաքական գործիչ, բայց մի հատ պարզ բան կա՝ եթե չեն բերում ավտո, ուրեմն ձեռքները փող չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ իր մոտ անկումը սկսվել է մոտ հինգ ամիս առաջ։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում