Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարդախլու-հերոսների հայրենիք». ո՞րն է Չարդախլուի գաղտնիքը

Ապրիլ 07,2015 11:18

Չարդախլուն բազմադարյա մշակույթ ունեցող հանրաճանաչ հայկական գյուղերից մեկն է, որը պատմական Գարդմանի (Ուտիք–Արցախ) մի մասն է։ Չարդախլուն եզակի գյուղ է՝ հայտնի որպես մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք։ Աշխարհում չկա այդպիսի մի գյուղ, որը տվել է Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետներ, 2 մարշալ, 11 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ։  Սակայն 1988-ի հայտնի իրադարձությունների հետևանքով գյուղի բնակչությունը բռնի տեղահանվեց իր բնօրրանից և ցրվեց աշխարհով մեկ։

Այս օրերին նկարահանվում է «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմը։ Այն ավարտին է հասցվում ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի միջոցով։

Ֆիլմի պրոդյուսեր Աիդա Ահարոնյանը նշեց, որ «Չարդախլու-հերոսների հայրենիքը» «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական ֆիլմն է։ Արդեն իսկ նկարահանվել է 4 ֆիլմ, որոնք վերաբերում են Արցախի պատմությանը, բնակավայրերին, բնական ու պատմական հուշարձաններին, ազատագրական պայքարին։ Պրոդյուսերը տեղեկացնում է, որ «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» ֆիլմում ներկայացվում է գյուղի հերոսական պատմությունը, և փորձում են հասկանալ չարդախլեցիների ոգին, այդ հողի ուժը։ Հեղինակների ցանկությունն է ֆիլմի միջոցով այդ հերոսապատումը դարձնել հասանելի ու հասկանալի։

Ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը նկատում է, որ ֆիլմը կառուցված է չարդախլեցիների հիշողությունների ու պատմությունների վրա, և շատ դեպքերում չարդախլեցիներն էլ չեն կարողանում բացատրել իրենց գյուղի գաղտնիքը։ Ռեժիսորը նշում է, որ շատ կարևոր է պահպանել այդ մարդկանց պատմությունները, ներկայացնել սերունդներին, քանի որ դրանից է ծնվում սերը հայրենիքի նկատմամբ։

Չարդախլուի գաղտնիքը մեզ հետ զրույցում փոքր-ինչ բացահայտում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ «Չարդախլուն պատմական գյուղ է, որը հնուց ի վեր ազատագրական պայքարի կենտրոնատեղի է եղել, և դեռևս հնագույն ժամանակներից սկսած՝ այն հիշատակվում է որպես առանձին պետական կազմավորում ունեցող միավորում։ Գաղտնիքը, իհարկե, ազատագրական պայքարի ոգին է, որ միշտ եղել է այս գյուղի բնակիչների մեջ։ Չարդախլուն, բացի մեծանուն զինվորականներից, տվել է նաև հայտնի բժիշկներ, գիտնականներ։ Պայքարող, մաքառող մարդիկ են, ու այդ ոգին միշտ փոխանցվել է սերնդեսերունդ։ Չարդախլեցին միշտ զինված է եղել, զինվելու, զենք գնելու տեսակետից փող չեն խնայել։ Նույնիսկ խորհրդային տարիներին իրենց զենքն անտառներում էին պահում, և միշտ դիմադրական պայքարի կենտրոնատեղի են եղել։ Փոքր հասակից չարդախլեցիները մասնակցել են ձիվարժությունների, նաև որսորդության սիրահարներ են եղել, և այդ ավանդույթները փոխանցել են իրենց երեխաներին։ Միայն 1980-ական թթ. վերջին ուղղակի խաբեցին տեղի ժողովրդին»,- նշում է Էդիկ Մինասյանը։

Ֆիլմի նկարահանումների ընթացքում հավաքվել են թեմային վերաբերող բազմաթիվ նյութեր, լուսանկարներ, որոնք կհրապարակվեն առաջին անգամ:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930