Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Սուրիկ Խաչատրյանի որդու սպառնալիքների հարցով դիմել է ոստիկանություն

Ապրիլ 07,2015 10:13

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանի պարզաբանումներն Aravot.am-ին

-Պարոն Բաբայան, ըստ Գորիսի ԲՀԿ տարածքային կազմակերպության ղեկավար Ռոբերտ Հակոբյանի՝ նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի, հանրահռչակ Տիգրան Խաչատրյանը իր մեքենայով մոտեցել է Գորիսի կենտրոնում գտնվող խանութներից մեկին, որտեղ կանգնած է եղել Ռոբերտ Հակոբյանն ու հընթացս, իջեցնելով մեքենայի ապակին՝ սպառնալիքներ ու հայհոյանքներ է տեղացել Ռոբերտ Հակոբյանի հասցեին։ Ռոբերտ Հակոբյանն, ի դեպ, Խաչատրյանների տան մոտ սպանված Բուդաղյանի ազգականն է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք մարզպետի որդու սպառնալիքը:

-Այո, Գորիսի ԲՀԿ տարածքային կառույցի մեր ղեկավար Ռոբերտ Հակոբյանը տեղի ունեցածի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել է կուսակցության ղեկավարությանն ու դեպքից հետո դիմել է ոստիկանություն։ Սա հերթական անգամ մեկ բանի վկայությունն է, որ կան մարդիկ, կլաններ, ովքեր իրենց վեր են դասում ցանկացած օրենքից եւ շարունակում են իրենց մշտական գործելաոճը։ Բնականաբար, կուսակցությունը հետեւողական է լինելու այս հարցում եւ մենք սպասում ենք ոստիկանության արձագանքին։ Որեւէ մեկն իրավունք չունի մարզը, քաղաքը, հայտարարել իր սեփականությունն ու առաջնորդվել սեփական օրենքներով՝ հաշվեհարդարը դարձնելով աշխատանքային գործիք։

Vahan-Babayan

Վահան Բաբայան

-Ասացիք, որ հետեւողական եք լինելու, որ ոստիկանությունը հստակ պարզաբանում տա տեղի ունեցածի վերաբերյալ։ Սակայն, փետրվարի 8-ին դաժան ծեծի ենթարկվեց ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արտակ Խաչատրյանն ու չնայած շատերն էին հայտարարում, որ այդ գործի բացահայտումը սովորական մի «ուչաստկովիի» գործ է՝ դեռ որեւէ առաջընթացը այս գործում չկա։

-Ասեմ, որ ԲՀԿ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետին՝ ակնկալելով պարզաբանումներ Արտակ Խաչատրյանի գործի քննության ընթացքի հետ կապված։ Ավելին, մենք պատրաստ էինք կուսակցական փոքր խմբով հանդիպել գործի քննությունը վարող մարմնի հետ, բնականաբար, առանց որեւէ տեղեկատվություն մամուլին տալու, ստանալ որոշակի հարցերի պարզաբանումներ այն մասով, ինչը որ չէր խանգարի նախաքննության գաղտնիությանը։

Նախօրեին տիկին Զոհրաբյանը զրուցել է ՀՀ փոխոստիկանապետի հետ Արտակ Խաչատրյանի հարցով եւ վերջինս խոստացել է առաջիկա օրերին գրավոր պատասխանել մեր բարձրացրած հարցերին։ Թե ինչպիսի՞ն կլինի պատասխանը՝ դրանից կախված, բնականաբար, մենք կորոշենք մեր հետագա քայլերը Արտակի մասով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տիգրան Խաչատրյանի լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/Shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Է, որ դիմել է ինչ?????

    Մարդասպանության համար ինչ պատիժ ստացավ, որ սպառնալիքի համար պատժվի????????????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930